Հայ բորտ–ուղեկցորդուհի․ «Հղի կինը մահացավ, իսկ երեխային իմ անունով կոչեցին»
Advertisement 1000 x 90

Հայ բորտ–ուղեկցորդուհի․ «Հղի կինը մահացավ, իսկ երեխային իմ անունով կոչեցին»

Բորտ–ուղեկցորդուհի աշխատելը բարդ է ու վտանգավոր։ Հենց նա է ապահովում ուրևորների անվտանգ ու հարմարավետ թռիչքը։

Armenia ավիաընկերության բորտ-ուղեկցորդուհի-հրահանգիչ Լիլիթ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է իր աշխատանքի դժվարությունների, երկնքում ապրելու, օդանավում տեղի ունեցած զվարճալի ու ողբերգական դեպքերի մասին։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

— Ինչպե՞ս եք հայտնվել ավիացիայում։

— Մենք ամբողջ ընտանիքով ենք այստեղ։ Մայրս ավելի քան 40 տարի այս ոլորտում է, անգլերեն է դասավանդում Հայաստանի ավիացիոն ուսումնական կենտրոնում։ Հայրս ռազմական օդաչու էր, քույրս 20 տարի բորտ-ուղեկցորդուհի է աշխատել, հիմա Armenia ավիաընկերության բորտ-ուղեկցորդների ծառայության պետն է։

Այժմ փորձում ենք մեր երեխաներին հեռու պահել այս ոլորտից, բայց նաև հոգեբանորեն պատրաստ եմ, որ աղջիկներս մի օր ինձ ասեն` ուզում եմ բորտ-ուղեկցորդուհի դառնալ։

— Ինչո՞ւ չեք ուզում, որ երեխաները ձեր ճանապարհով գնան։

— Հետաքրքիր մասնագիտությունները շատ են, օրինակ` բժշկության ոլորտում։ Պլաստիկ վիրաբուժությունն իմ չիրականացած երազանքն է, թեև ես չեմ զղջում, որ կյանքս կապել եմ ավիացիայի հետ։ Ես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եմ հայտնվել։ 2004 թվականից աշխատում եմ այս ոլորտում։

— Օդանավում եղե՞լ է այնպիսի դեպք, որ ամբողջ կյանքում կհիշե՞ք։

— Շատ բան է եղել։ Ուղևորներին ուշքի ենք բերել, ինքնաթիռում ծնունդ ենք ընդունել։ Մենք ակամայից մասնակցում ենք մեր ուղևորների կյանքին։ Մի անգամ ուղևորներից մեկը հղի կնոջ հետ Փարիզ էր մեկնում։ Կինը քաղցկեղով հիվանդ էր։ Նա կնոջը Փարիզ էր տանում՝ հույս ունենալով, որ գոնե երեխային կփրկեն։ Ակնհայտ էր, որ կինն այլևս երբեք չի վերադառնա։

Տասը տարի անց ինքնաթիռ մտավ նույն ուղևորը՝ տասը տարեկան աղջկա հետ։ Տղամարդը ճանաչեց ինձ։ Պարզվեց` նրանք երեխային իմ անունով էին կոչել։ Այդ օրն աղջիկն ինձ մի հուշանվեր տվեց։ Ամեն անգամ, երբ նայում եմ դրան, սիրտս լցվում է։

Մենք կապվում ենք մեր ուղևորների հետ ու գնահատում նրանց, ովքեր գիտակցում են մեր աշխատանքի ծանրությունը։ Բորտ-ուղեկցորդուհին օդանավի մատուցողը չէ։ Մենք ապահովում ենք ուղևորների անվտանգ թռիչքը, բեռների տեղափոխումը։ Այն ամենն, ինչ ուղևորը տեսնում է թռիչքի ժամանակ, գեղեցիկ պատկեր է, որ նա չլարվի ու չգիտակցի իրավիճակի կարևորությունը, երբ տասը հազար կիլոմետր բարձրության վրա է ու թռչում է 900 կմ/ժամ արագությամբ։

— Իսկ զվարճալի դեպքեր եղե՞լ են։

— Մի անգամ մեր ինքնաթիռ բարձրացավ երգիչ Սամվել Գրիգորյանը։ Պարզվեց` նա փոքրուց աերոֆոբիա ունի։ Բժիշկները չէին կարողացել օգնել նրան, որ ազատվի այդ վախից։ Ներս մտավ, գտավ իր տեղը, նստեց ու ձեռքերով գրկեց աթոռը։

Մենք օդ բարձրացանք, ես նրան խնդրեցի ինձ հետ խոհանոց գնալ, սուրճ առաջարկեցի, մենք խոսեցինք, հետո նա պատմեց իր վախի մասին։ Ուշադրությունը շեղելու համար խնդրեցի կարդալ ուղևորների համար նախատեսված ստանդարտ տեղեկությունները։ Նա վերցրեց բարձրախոսը, մոռացավ վախի մասին ու գեղեցիկ ձայնով սկսեց կարդալ։ Դա հանգստացրեց նրան, իսկ ուղևորները հիացան։ Հաճախ եմ այս դեպքը հիշում։

Այս գարնանը Վորոնեժից մի բլոգեր Երևան էր մեկնում։ Նրա առաջին թռիչքն էր։ Աղջիկը մոտեցավ ինձ ու խոստովանեց, որ շատ է վախենում։ Մեզ հաջողվեց շեղել այդ մտքերից։ Արդյունքում նա իր բլոգում գրեց, որ սիրահարվել է Հայաստանին, քանի որ այստեղի ավիաընկերությունների աշխատակիցները ոչ միայն կատարում են իրենց աշխատանքը, այլ նաև այնքան են մտերմանում ուղևորների հետ, որ օգնում են նրանց հաղթահարել թռիչքի վախը։

Հետաքրքիր էր 2010 թվականի ամառը։ Շառլ Ազնավուրը «Armeni mon ami» խորագրով ակցիա էր կազմակերպել, որին մասնակցում էին կարիքավոր ընտանիքների, մանկատների երեխաները։ Այդ ամառ մենք գրեթե ամեն շաբաթ մեկնում էինք 10-ից 15 տարեկան երեխաներով լցված ինքնաթիռով։ Օդանավում խաղեր ու մրցույթներ էին անցկացվում։

— Ուղևորները սովորաբար ինչ հարցե՞ր են տալիս ձեզ։

— Իսկ ձեր ամուսինը չի խանդու՞մ, ինչպե՞ս է թողնում, որ աշխատեք։ Իսկ չեք վախենո՞ւմ։ Ինչո՞ւ են բոլորը շոգում, իսկ դուք ոչ։ Չեք հոգնե՞լ ժպտալուց։ Ձեր նյարդերի վրա ոչ ոք չի ազդո՞ւմ։

Մենք համարձակ պատասխանում ենք՝ ոչ։ Սա մեր աշխատանքն է, մենք այն սիրում ենք, շնչում ու ապրում ենք այդ աշխատանքով։ Մեր ընտանիքները, ընկերները կապված են ավիացիայի հետ, ու այդ կապը փոխանցվում է մեր երեխաներին, որոնք, ի դեպ, ամենակազմակերպված ուղևորներն են։ Մենք նրանց չենք սովորեցնում, երևի գենետիկորեն է փոխանցվում։

— Ձեր աշխատանքում ի՞նչն է ամենադժվարը։

— Մենք պետք է համբերատար ու զգուշավոր լինենք։ Ինքնաթիռն անխափան է աշխատում միայն նորմալ վիճակում։ Պետք է անընդհատ ստուգել՝ ինչը որտեղ է, լինել ուշադիր, ադեկվատ։ Ֆիզիկական մեծ աշխատանք է պահանջում, ինչի համար էլ տարին մեկ անգամ բժշկական զննում ենք անցնում։

Տարիների ընթացքում դեմքերն ավելի դժվար են հիշվում։ Այս կամ այն մարդուն հիշելու համար պետք է հիշես ծանոթության հանգամանքները։ Այսօր կարող եմ չհիշել դասարանցուս, կուրսեցուս, որին տարիներ շարունակ չեմ տեսել։ Մեր մասնագիտության մեջ տարածված երևույթ է, քանի որ մեր կողքով օրական մեծ թվով մարդիկ են անցում։

Մենք անընդհատ վերապատրաստվում ենք։ Մեզ սովորեցնում են՝ ինչպես է պետք վարվել էքստրեմալ ու արտակարգ իրավիճակներում։ Այդ ամենը մեզ մի օր կարող է պետք գալ։ Բայց Աստված տա, որ այդ «մի օրը» երբեք չլինի, թռիչքը լինի հաջող, իսկ վայրէջքը՝ փափուկ։

armeniasputnik.am



Նման նյութեր