«Հատիս» նորարարական առանձնատունը՝ զրոյական էներգասպառմամբ
Advertisement 1000 x 90

«Հատիս» նորարարական առանձնատունը՝ զրոյական էներգասպառմամբ

«Ար և Ար Դիզայն Քնսթրաքշն» ընկերության «Սոլար Սիթի» նախագծի զարգացման գծով տնօրեն Գարիկ Չիլինգարյանը Banks.am-ին պատմել է Հայաստանում առաջին զրոյական էներգասպառմամբ բնակելի թաղամասի ծրագրի մասին, որը մեկնարկել է վերջերս:

«Երկար տարիներ շինարարական ոլորտում աշխատելուց հետո եկավ մի պահ, որ հասկացանք՝ մենք կարիք ունենք այնպիսի միջավայրի կառուցման, որը հնարավորինս հաշվի կառնի ընտանիքի ամենօրյա կարիքների բավարարումը: Ըստ մեր հաշվարկների՝ միջին հայ ընտանիքը ձմեռվա ամիսներին իր եկամտի մոտ 30 տոկոսը ծախսում է կոմունալ վճարների վրա, և մեր առջև խնդիր դրեցինք հնարավորինս կրճատել էներգակիրների հետ կապված ծախսերը։ Արդյունքում՝ կարողացանք ոչ միայն լուծել այդ խնդիրը, այլև գերազանցել այն՝ էներգասպառման դիմաց վճարվող գումարը հասցնելով զրոյի»,- ասում է Գարիկ Չիլինգարյանը։

«Սոլար Սիթի» ծրագրի առաջին պրոդուկտը «Հատիս» առանձնատունն է, որը կառուցվում է Բագրևանդ փողոցին հարող թաղամասում: «Իր բնակիչների մասին հոգացող» առանձնատունը նախագծվել է գերմանական «Պասիվ Հաուս» չափանիշների հիման վրա, ըստ որի՝ հատուկ զրոյից նախագիծ է մշակվում՝ որպես հիմնախնդիր ունենալով էներգածախսի առավելագույն նվազեցումը։ Այստեղ կարևոր է ճիշտ շինարարական տեխնոլոգիաների կիրառումը, օրինակ` եռաշերտ պատուհաններ, ջերմամեկուսիչ արտաքին պատեր, առաստաղային հովացում և ջեռուցում, պատուհանների և միջնապատերի ճիշտ դասավորվածություն և այլ նորարար ճարտարապետական լուծումներ: Երբ այս աշխատանքների շնորհիվ էներգասպառումը նվազեցվում է մինչև 80 տոկոսով, մնացյալ էներգետիկ ծախսերը հոգում են տանիքին տեղակայված արևային պանելները:

«Հայաստանը շատ շահավետ աշխարհագրական դիրք ունի, որը թույլ է տալիս առավելագույն կերպով օգտագործել արևային էներգիայի ներուժը: Գործում են նաև համապատասխան օրենքներ, որոնք թույլ են տալիս տան տերերին միանալ էլեկտրացանցին և խելամիտ օգտագործել արևային էներգիայի ավելցուկը: «Հատիս» տան դեպքում օգտագործվում են արևային պանելներ, որոնց միջոցով տարեկան ստացվում է 7,200 կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նշանակում է, որ տանտերերը ոչ միայն էներգետիկ ծախսեր չեն ունենում, այլև ավելցուկի դեպքում կարող են այն վաճառել էլեկտրացանցին՝ ստանալով շահույթ»,- ասում է Գարիկ Չիլինգարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքաշինական ոլորտի փոփոխությունները և նորարարական լուծումները սկսում են ավելի արագ զարգանալ, և հիմա ճիշտ ժամանակն է՝ ակտիվ գործողությունների անցնելու և մաքսիմալ օգտագործելու Հայաստանի վերականգնվող էներգիայի ներուժը:

«Դրսում ևս բավական մեծ հետաքրքրություն կա այս ծրագրի նկատմամբ, քանի որ վերականգնվող էներգիայի միտումը առկա է ողջ աշխարհում: Զարգացած երկրները փորձում են հնարավորինս լայնածավալ ծրագրեր մշակել այս ոլորտում»,- ասում է Գարիկ Չիլինգարյանը:

Առաջին «Հատիս» առանձնատունը կլինի երկհարկանի և կունենա ընդարձակ ճաշասենյակ, խոհանոց, 4 ննջասենյակ, 2 մեքենայի ավտոտնակ, ինչպես նաև 500 մ հողատարածք: Այն պատրաստ կլինի 2018-ի սկզբին: Ապագա գնորդների ցանկությունները հաշվի առնելու համար մշակվել է հարցաշար, որին ցանկության դեպքում, կարող են պատասխանել նաև մեր ընթերցողները:

banks.am