«Հայոց ցեղասպանության ճանաչումը որքա՞ն կարևոր է Ձեզ համար» գերմաներեն հրատարակվող «Յուդիշե ալգեմայնե» թերթի հարցին Ազնավուրը պատասխանել է.
– Ինձ համար միևնույն էՙ տարբեր երկրների ճանաչումը: Կարևորն այն է, որ զանգվածային կոտորածը ճանաչեն: Ինչպե՞ս է պատահել, որ 1 միլիոն 300 000 մարդ սպանվել է: Եթե ցեղասպանություն (գերմ.բնագրումՙ գենոցիդ- Ան. Հ.) չէ, բնորոշող ավելի լավ բառեզր ասեք ինձ, ես ուրիշը չգիտեմ: Երբևէ թուրքերի մասին վատ բառ դեռ չեմ ասել, հո խենթ չեմ: Եթե նրանց ցեղասպանության համար կշտամբեմ, կարող են մեկին ինձ մոտ ուղարկել, որ հնարավոր է ինձ ինչ- որ բան անի… (Ազնավուրը կոկորդին պարզած ձեռքով միանշանակ շարժում է անում):
– Ակնկալո՞ւմ եք, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
– Չեմ հասկանում, թե ինչու չեն ճանաչում: Շիմոն Պերեսի հետ ընկերներ էինք, բայց նրան երբևէ չեմ հարցրել դրա մասին: Նույնը կարող եմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասին ասել, որին կարճ հանդիպել եմ: Կարծում եմ, բնական կլիներ, որ հրեաները պատմական փաստերը ճանաչեին, նաև այն ժամանակ, երբ Շոայի բացառիկությունն են շեշտում: Միգուցե այսպիսի ճանաչումը կհանգեցնի այն բանին, որ այդ «հաստագլուխներն» էլ, ինչպես կատակով ասում եմ թուրքերի մասին, նույնը անեն:
Անահիտ Հովսեփյան, Գերմանիա