Խոսքը վերաբերում է 20-րդ դարի առաջին կեսին հայ ռազմական ու պետական ասպարեզում գործած ամենահակասական կերպարներից մեկինՙ Դրաստամատ Կանայանին: Նրա հախուռն և արկածախնդիր բնավորությունը, առճակատումների սիրահար և հրահրող լինելը, փողասիրությունն ու հակառակորդներին և մրցակիցներին ամեն գնով ոչնչացնելու հատկությունը չեն վրիպել նրա կյանքին ու գործունեությանը անդրադարձած շատ պատմաբանների ու գրողներիՙ անգամ Չարենցի և Անդրանիկ Ծառուկյանի ուշադրությունից: Նրա կասկածելի կապերի մասին թափանցիկ կամ կիսաթափանց ակնարկություններ արել են նույնիսկ նրա կուսակիցները: Սակայն առաջին անգամն է, որ ամերիկյան CIA-ի հետ նրա առնչությունների, վերջինիս գործակալը լինելու մասին է վկայվում, հիմք ընդունելով ամերիկյան ապադասակարգված փաստաթղթերը, որոնց ծանոթացել է կանադահայ քաղաքական գործիչ Վիգեն Աթթարյանը (Viken L. Attarian), որի անգլերեն գրության այդ հատվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև: Ավելացնենք միայն, որ Վիգեն Աթթարյանը մարտահրավեր է նետում որևէ մեկին, ով կհերքի իր բացահայտումները: «Ես խորն եմ ուսումնասիրել նրան», գրում է նա և առաջարկում այցելել » կայքը, որտեղ վերջին տասը տարիների ընթացքում շատ փաստաթղթեր ապադասակարգվել են (կամ գաղտնազերծվել) և դարձել հանրության սեփականությունը:
«Այնտեղ դուք տպեք «PELOPS» անունը, որը Դրոյի (DROSTAMAT KANAYAN)ծածկանունն էր ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչության (CIA) շարքերում, և շատ հետաքրքական փաստեր կգտնեք. զեկույցներ, հանդիպումների արձանագրություններ, գումարների վճարումներ և զինամթերքի առաքումների (40-50-ական թվերին) մանրամասներ, նաև ապացույցներ, որ նա ընդգրկված է եղել Իրանում հակա-Մուսադեղյան շարժմանը, և Բեյրութում 50-ականների հակա-կոմունիստական գործունեություններին, որին զոհ գնացին հայեր, և որը հող նախապատրաստեց 1958-ի եղբայրասպան քաղաքացիական պատերազմի համար: Դա նաև այն շրջանն էր, երբ Անթիլիասի նոր կաթողիկոսի ընտրությունները պետք է կայանային: Վկայություններ կան նույնիսկ այն մասին, որ նախքան CIA-ի կողմից հավաքագրվելը, Դրոն առնչություններ է ունեցել Բրիտանական հետախուզական մարմինների հետ:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն (ARF) այնտեղ նշված է AIN սկզբնատառերով:
Արխիվային նյութերը զարմանալի բացահայտումներ են պարունակում: Դրանցում անդրադարձ կա մասնակցելու 3-րդ (այո՛, երրորդ) համաշխարհային պատերազմի, որի ընթացքում Դրոն առաջարկում է ազատագրել Հայաստանը Խորհրդային Միությունից, նշելով, որ դա AIN-ի (ARF-ՀՅԴ) առաջնահերթ խնդիրն է: Թուրքիայից պահանջատիրության մասին ոչ մի խոսք չկա այնտեղ: Ընդհակառակը, փաստաթղթում կոչ է արվում հայերին սպասել մինչև թուրքերը ինքնակամ հողերը կզիջեն «ազատագրված» Հայաստանին: Ենթադրում եմՙ մեր «սև աչքերի» համար: Խոսք չկա նաև այն մասին, որ նման համաշխարհային պատերազմի պարագայում Հայաստանն էլ հիմնովին կարող է կործանվել:
Բայց խոսք կա այն մասին, որ ՀՅԴ-ն հաջողությամբ ձեռք կգցի Բարեգործականը (ՀԲԸՄ-ն):
Ամեն ինչ ուղղակի ցնցող է: Պարզապես հետաքրքրական պիտի լիներ ծանոթանալ նաև KGB-ի կամ Օսմանյան գաղտնի ոստիկանության արխիվների հետ: Ո՞վ գիտի ինչ նորությունների կարող ենք դեմ հանդիման գալ դրանցում: Բայց պատրա՞ստ ենք, արդյոք, այդ ճշմարտությունների բացահայտմանը», ավարտում է Վ. Աթթարյանն իր գրությունը:
Մանրամսն տես՝