Բելգիայի Դինան քաղաքում նրա անվամբ փողոց կա։ Հայրական տան տեղում Առևտրի կենտրոն է այժմ, բայց շենքի ճակատին հուշաքար է ամրացված. «Այստեղ ապրել է…»։ Դեպի նրա թանգարանը տանող ճանապարհին՝ սյուներից, շենքերից, կարճ ասած՝ հնարավոր ամեն տեղերից, սաքսոֆոնների քանդակներ ու պատկերաքանդակներ են դիմավորում անցորդներին։ Խաչմերուկներից մեկում վեր է հառնում 12 մետրանոց Սաքսոֆոնը։ Թանգարանին հասար, նստարանին նստած, սաքսոֆոնը ձեռքին քեզ է սպասում մեծ գյուտարարը։ Մինչ եվրոյի շրջանառությունը, 200 ֆրանկանոցի վրա նրա դիմապատկերն էր, դրոշմանիշների վրա նույնպես։ Ամեն տարի Դինանում սաքսոֆոնահարների մրցույթ է անցկացվում, նաև՝ փառատոն։ Դե, էլ չասենք, որ Նորին մեծություն Ջազն առանց սաքսոֆոնի պատկերացնելն անգամ՝ սրտի ծակոցների պատճառ կարող է դառնալ։
Ահա այս կախարդական «ծխամորճի» հայրը՝ Ադոլֆ (Անտուան Ժոզեֆ) Սաքսը (1814-1894) իր մահկանացուն կնքելու պահին աղքատ էր ու աշխարհից կուշտ մինչև կոկորդը։
Իսկ ամեն ինչ կարծես շատ բարեհաջող էր ընթանում։ Նա ծնվել է, եթե չգիտեք նույնիսկ, ապա երևի արդեն գլխի ընկաք՝ Բելգիայի Դինան քաղաքում, փողային գործիքների ինքնուս, սակայն հանրահայտ վարպետ Շարլ Ժոզեֆ Սաքսի բազմանդամ ընտանիքում։ 11 երեխաներից ավագն էր։ Հայրը բելգիական զորագնդերի նվագախմբերի փողային գործիքների մատակարարն էր և քանիցս արժանացել էր բարձր պարգևների կլարնետի և ֆագոտի կատարելագործման համար։ 1836-ին ընտանիքը փոխադրվում է Ֆրանսիա։ Ադոլֆը մանկական խաղերից ավելի գերադասում է նստել հոր կողքն ու նայել, թե ինչպես է նա երաժշտական գործիքներ պատրաստում։ 12 տարեկանից սկսում է օգնել հորը, 16-ում ինքնուրույն ֆլեյտա ու կլարնետ է պատրաստում, ավարտում է Բրյուսելի կոնսերվատորիան։ Ընդամենը 20 տարեկան էր, երբ հայրը վստահեց նրան իր արհեստանոցի ղեկավարությունը։ 1842-ին Սաքսը Փարիզում բացում է փողային գործիքների ֆաբրիկա։ Հենց այստեղ էլ նա սկսում է կատարելագործել բաս-կլարնետը, մեծացնում է հնչողության հնարավորությունները, փոխում ձևը և ստանում ծխամորճի նման մի բան, որի համար արտոնագիր է ստանում 1846-ին։ Այս «ծխամորճը» հիացնում է ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր Հեկտոր Բերլիոզին, և հենց նա էլ Սաքսոֆոն անվան հեղինակն է։ 1844-ին Բերլիոզն իր նվագախմբում ներգրավում է սաքսոֆոնը, որը նվագում է հենց Ադոլֆ Սաքսը։ Միաժամանակ դասավանդում է Փարիզի կոնսերվատորիայում, մշտապես մասնակցում է համերգների՝ որպես կատարող և դիրիժոր։ Այս երաժշտական գործիքի ծնունդը շատերին ոգեշնչեց, բայց պահպանողականների և տեղացի երաժշտական գործիքների վարպետների չարախինդ «բանակն» ավելի բազմանդամ, հետևողական ու կատաղի էր։ Հենց առաջին դատավարությունն ընդդեմ Սաքսի ավարտվեց նրա «շռնդալից» պարտությամբ. գյուտարարին մեղադրեցին «խարդախության և կեղծարարության» համար, իսկ դատարանի վճիռը, որը պահպանվել է մինչ օրս, «ազդարարում է», որ «Սաքսոֆոն անունով երաժշտական գործիք գոյություն չունի և չի՛ կարող ունենալ»։ Մինչև իր կյանքի վերջը Սաքսին այնքան են քարշ տալիս դատարանից դատարան, և այս «կանտորաներում» նա այնքան գումար է ծախսում, որ սնանկանում է և մինչև մահ ապրում ընչազուրկի կարգավիճակում։
Նրա մարմինը հանգչում է Մոնմարտրի գերեզմանատանը։
Ջազն աշխարհին է ներկայանում սաքսոֆոնի գյուտարարի մահից հետո։
Ի դեպ, Ադոլֆ Սաքսը հաստատ ավելի հեշտությամբ է ստեղծել սաքսոֆոնների մեծ ընտանիքը, քան մեզ հաջողվեց «հայտնագործել» մի քանի ժլատ տող նրա անձնական կյանքից։ Իսպանական ծագմամբ Լուիզա Ադել Մաորը մեծ գյուտարարին հինգ երեխա է նվիրել, սակայն Սաքսն այդպես էլ չի ամուսնացել ո՛չ նրա հետ, ոչ էլ ուրիշի։
Երդվյալ ամուրի էր փաստորեն։