Մոսկվայում Դիբենկոյի փողոցում Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից վարչական հսկողությունից խուսափելու համար ձերբակալվել է 60-ամյա նախկին «օրենքով գող» Իլյա Սիմոնիան, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Մախո: Ըստ «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալության, իրավախախտման չնչին ծանրության պատճառով դատավորը ձերբակալվածին ազատ է արձակել չհեռանալու ստորագրությամբ:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախկինում բազմիցս դատապարտված Իլյա Սիմոնիան Շաքրոյի ու Դեդ Հասանի որոշմամբ նա թագազրկվել է 1993թ. Յապոնչիկի հետ կոնֆլիկտի պատճառով:
Մախոյի ու Յապոնչիկի շահերը հատվել են Արևելյան Սիբիրում, որտեղ նրանք գլխավորում էին իրար դիմակայող, համապատասխանաբար՝ «վրացական» ու «սլավոնական» գողական խմբավորումները:
Այն երկպառակության առանցքային մասնակիցներից մեկը «օրենքով գող» Վլադիմիր Տյուրինն էր, նույն ինքը՝ Տյուրիկը, ով հանդես էր գալիս «սլավոնների» կողմից:
Չնայած տիտղոսը կորցնելուն՝ Մախոն, ինչպես նախկինում, հանցավոր կյանք է վարում, պարբերաբար հայտնվելով ճաղերի հետևում, և խստիվ պահպանում է գողական ավանդույթները: Դրանց համապատասխան, այս տարվա գարնանը ազատ արձակվելուց հետո Սիմոնիան ոչ մի անգամ չի ներկայացել Պատիժների կատարման դաշնային ծառայության բնակության վայրի տարածքային մարմին ամենամսյա նշման համար, ինչով էլ արժանացել է նոր քրեական գործի:
Օպերատիվ աշխատողները մտավախություն ունեն, որ շուտով իրենք ստիպված կլինեն որսալ Մախոյին, քանի որ նրա նմանները ինքնակամ դատին չեն գալիս: