Ճապոնիայի Կիոտո շրջանի դատարանը 70-ամյա Տիսակո Կակեխիին, ով ստացել է սև այրի անունը, մեղավոր է ճանաչել և դատապարտել մահապատժի։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իր ամուսնու, երկու կենակիցների սպանության և մեկ սպանության փորձի համար։ Այս մասին հաղորդում է South China Morning Post.
Սպանությունները տեղի են ունեցել 2007-2013 թթ.։ Դատախազները դատաքննության ընթացքում պնդել են, որ տղամարդիկ թունավորվել են. կինը նրանց ջրի մեջ ցիանիդ է լցրել։ Որպես սպանության շարժառիթ՝ նշվում է տուժող տղամարդկանց գույքին տիրանալու ցանկությունը։
Փաստաբանները դատարանում հայտարարել են, թե իրենց պաշտպանյալը տառապում է ծերունական թեթևամտությամբ և չի կարող պատասխանատվություն կրել իր գործողությունների համար։ Բացի այդ նշել են, որ ոչ բոլոր զոհերն են փորձաքննության ենթարկվել և չի կարելի բացառել բնական մահի վարկածը։ Դատարանը հիմնավորված է համարել մեղադրանքի կողմի գնահատականները և կնոջը դատապարտել մահապատժի։ Ճապոնիայում մահապատժի՝ կիրառման ենթակա միակ ձեւը՝ կախաղանն է։
2016 թվականի մարտին երկրում ի կատար է ածվել երկու մահապատիժ։