Կանադայի Տորոնտոյի համալսարանի ատամնաբույժները հեշտ լուծում են առաջարկել այն իրավիճակի համար, երբ ուտելուց հետո ատամները մաքրելու հնարավորություն չկա։ Եթե ուտելուց հետո մարդը հնարավորություն չունի մաքրել ատամները ատամի խոզանակով, ատամի թելով, կամ էլ գոնե մաստակ ծամելով՝ բերանի խոռոչը մաքրելու ամենահարմար միջոցը կաթն է մնում։
Փորձի ժամանակ կամավորները ուտելուց հետո բերանը ողողել են տարբեր հեղուկներով՝ մրգի հյութով, ջրով կամ կաթով։ Գիտնականներն արագ պարզել են, որ հյութն այդ նպատակի համար բոլորովին պիտանի չէ, այն պարունակում է մեծ քանակությամբ թթու, վատ է ազդում ատամի էմալի վրա։
Ջուրը համեմատաբար ավելի լավ է մաքրել ատամները, բայցևայնպես կաթը իսկական «չեմպիոն» է ճանաչվել բերանի մաքրությունը վերականգնելու հարցում։ Երբ ստուգել են թքի մեջ բակտերիաների առկայությունը՝ պարզվել է, որ ուտելուց հետո բերանը կաթով ողողելու դեպքում միկրոօրգանիզմների մակարդակը նվազագույն է լինում։