Լրագրող Վարդան Ալոյանը հատուկ Sputnik Արմենիայի համար մի տրագիկոմիկ պատմություն է պատմել այն մասին, թե ինչպես է ռուսական լրատվական գործակալություններից մեկի թղթակիցը հաջողացրել միջազգային աղմկահարույց իրարանցում սադրել խմբագրությունում հայտնված նոր համակարգիչների պատճառով։
90–ականների կեսերն էին։ «Կոմսոմոլկայում» այսպիսի ավանդույթ կար. արձակուրդ գնացող բաժինների խմբագիրներին փոխարինում էին ստաժավոր թղթակիցները։ Մեկնում եմ մի ամսով։ Ինքնաթիռում կողքիս հանրապետության պետավտոտեսչության պետն է նստած։
«Բոլոր նախկին խորհրդային հանրապետություններից հավաքվում ենք պետավտոտեսչության տարեդարձը նշելու։ Բանկետի ժամանակ յուրաքանչյուրը պետք է սեղանին յուրահատուկ ազգային մի բան դնի։ Ես կոնյակ եմ տանում»,–ասաց նա։
Որոշեցինք կոնյակի որակը փորձել։ Փորձեցինք։ Որակը չափազանց լավն էր։ Մի քանի անգամ փորձեցինք։ Մանրամասն նկարագրում եմ, որպեսզի մթնոլորտը զգաք` ամառ, հանգիստ, խաղաղություն։
Երեք ժամից արդեն խմբագրությունում եմ. հարևանիս դիմավորող գործընկեր–ոստիկանները մեքենայով ինձ էլ բերեցին։ Վերելակից դուրս գալուց հետո առաջինը պատասխանատու քարտուղար Իգոր Կոցին եմ հանդիպում։ Սովորական ուրախ ողջույնների ու գրկախառնությունների փոխարեն Իգորը, ասես մենք հինգ րոպե առաջ ենք էինք տեսնվել, շշուկով ասում է.
– Շտապ Սունգորոկինի մոտ գնա։ Նա չափազանց վրդովված է, քեզ է փնտրում։
Թե ինչի պատճառով էր գլխավոր խմբագիրը վրդովվել, ինձ համար լրիվ անհասկանալի էր։ Կարծես ոչ մի բացթողում չեմ ունեցել։ Իսկ, որ փնտրում է ինձ, հասկացա նրա աշխատասենյակից դեռ քսան մետր հեռավորության վրա։
–Որտե՞ղ է Ալոյանը։ Սա ի՞նչ անկարգություն է, ու՞ր է մեր թղթակիցը։ Անհապաղ գտեք Ալոյանին։
Քարտուղարուհու կարեկցող հայացքի ներքո աշխատասենյակ եմ մտնում։
– Ահա, հայտնվեցիր։ Ինչու՞ ես լքել քո տարածաշրջանը։ Այնտեղ պատերազմ է սկսվում, ի՞նչ ես անում այստեղ։
Քանի դեռ փորձում եմ հասկանալ` ինչ է կատարվում, ինչ պատերազմ, հեռուստացույցով նորությունների արտակարգ թողարկում է սկսվում։ ՆՏՎ–ի հաղորդավարը մտահոգ դեմքով կարդում է տեքստը. «Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, այսօր առավոտյան Մաստարա սահմանային կետում կայացել է հայկական ու թուրքական պատվիրակությունների հանդիպումը, որի ժամանակ կողմերը պետք է քննարկեին ամառվա ընթացքում Արաքս գետից լրացուցիչ ջրառի հարցը։ Բանակցությունների ընթացքում Կարսի թուրք մարզպետի թիկնապահներից մեկը հայկական պատվիրակության անդամների վրա կրակ է արձակել։ Դրա հետևանքով մահացել է Շիրակի մարզպետը, իսկ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը թափանցող գնդակային վիրավորում է ատացել գլխին։ Թիկնապահը պատասխան կրակոցով վերացրել է կրակողին…
Թուլացած ոտքերով նստում եմ մոտակա աթոռին ու փորձում եմ հասկանալ` ինչ է կատարվում։ Առաջին հերթին հարց է առաջանում` մի բան երևի սխալ է։ Վազգեն Սարգսյանը չպետք է մասնակցեր դաշտերի ոռոգման ջրի բաժանման հարցով բանակցություններին։ Ինչպես ասում են` Քուռն ուր, իմ տունը ուր։ Սակայն շոկի մեջ եմ, չեմ կարողանում նորմալ մտածել։ Ականջի պոչով լսում եմ` ինչպես է խմբագիրը հրամաններ տալիս. հերթապահ մեքենայով Ալոյանին անհապաղ օդանավակայան տարեք ու հենց առաջին չվերթով Երևան ուղարկեք։
– Ես, իհարկե, մեղավոր եմ, բայց նույնիսկ ամենավտանգավոր հանցագործը մեկ զանգ կատարելու իրավունք ունի։ Ես այդպիսի իրավունք ունե՞մ։
Հենց խմբագրի աշխատասենյակից նախագահի աշխատակազմ եմ զանգում` Շահեն Կարամանուկյանին։
– Դա անհեթեթություն է։ Ոչ մի նման բան չկա։ Ոչ ոք ոչ ոքի հետ չի հանդիպել, ոչ ոք ոչ ոքի վրա չի կրակել։ Պարզում ենք` ով է այդ սադրանքի հեղինակը։
— Վլադիմիր Նիկոլայևիչ, այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
– Ինչպե՞ս չի համապատասխանում, համաշխարհային բոլոր գործակալությունների առաջին լուրն է, իսկ դու ասում ես` չի համապատասխանում։
– Բայց ինձ հենց նոր դրա մասին հայտնեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը…
Հանդարտվեցինք։ Վերլուծեցինք։ Այո, բոլոր գործակալությունները հայտնում են, սակայն հղում են կատարում նույն աղբյուրին` «Ինտերֆաքսին»։ Ու նույն տեղեկությունն են կրկնում։ Իրադարձությունները չեն զարգանում։ Իսկ որոշ ժամանակ անց այդ նորությունն անհետանում է, ու ես դուրս եմ գալիս խմբագրի սենյակից։
Հաջորդ օրը, ժողովից հետո նորությունների բաժնի պետի տեղակալ Սերգեյ Չերնիխն ինձ իր մոտ է կանչում։
Արի, կտեսնես` ով է ձեզ մոտ այդ աղմուկը բարձրացրել։ Ձեր կառավարական թերթի աշխատակիցը։ Որպես համակարգչային խուլիգանություն են ձևակերպել։ Ազգանունն են ասում` ճանաչու՞մ ես նրան։
– Ճանաչելը ո՞րն է։ Համակուրսեցիս է ու մոտ ընկերս։ Մենք նրա հետ հինգ տարի Մոսկվայի հանրակացարանում մի սենյակում ենք ապրել։
– Ուրեմն ցավակցում եմ։ Քեզ էլ, նրան էլ։
Ինչպես է եղել
Ամեն ինչ այսպես է եղել։ Խմբագրությունն առաջին երկու համակարգիչն է ստացել։ Դրանցից մեկը խմբագրի տեղակալին է հասել, մյուսը` նորությունների բաժնի պետի տեղակալին։ Դրանք միացրել են միմյանց ու ցանց է ստացվել։ Խմբագրի տեղակալը, որը շատ կատակասեր էր, ցանկացել է ստուգել` ինչպես է ցանցն աշխատում։ Նա չի զլացել, թեժ տեղեկություն է հորինել ու, փորձի համար, լրատվական բաժին է ուղարկել։ Նրա բախտը չի բերել, որովհետև իրենց լրատվական բաժնի պետը նաև «Ինտերֆաքսի» արտահաստիքային աշխատակիցն էր։ Այդպիսի սենսացիոն նորություն տեսնելով ու չստուգելով այն` միանգամից Մոսկվա է ուղարկել…
Հայտնի չէ, թե ի՞նչ է զգացել Տեր–Պետրոսյանը, երբ նրա օգնականը, համաշխարհային ԶԼՄ–երին հղում անելով, հայտնել է, որ թուրքերը սպանել են Արարատ Գոմցյանին ու ծանր վիրավորել Վազգեն Սարգսյանին։ Հայտնի է միայն, որ նա միանգամից կապ է հաստատել պաշտպանության նախարարի հետ։ Պարզել են, որ ոչ ոք ոչ մի տեղ չի գնացել, ոչ ոքի չեն վիրավորել, ոչ ոքի չեն սպանել։ Բայց եթե այդպիսի անհասկանալի ու մտահոգիչ տեղեկություն կա, որոշում է կայացվել բանակը մարտական պատրաստության բերել։ Մարդ ես, եթե պետք լինի։
Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին, բնականաբար, նույնպես զեկուցել էին պատահածի մասին։ Նա անհապաղ զանգահարել էր բոլոր մարզպետներին, որոնց տարածքները Հայաստանի հետ սահման ունեն, ու ամենուր բացասական պատասխան ստանալով, իր ուժայինների հետ արտակարգ ժողով է անցկացրել։ Որոշում է կայացվել մինչ տարօրինակ ու անհասկանալի իրավիճակի մանրամասները պարզելը արևելյան հատվածներում զորքերը մարտական պատրաստության բերել ու Հայաստանի հետ սահմանին շտապ տանկային դիվիզիա ուղարկել։ Մարդ ես, եթե պետք լինի։
Հետո` ավելին։ Ռուսական արբանյակներն արձանագրում են Թուրքիայի սահմանին անհասկանալի ակտիվությունն ու դեպի Հայաստան շարժվող տանկերի շարասյուներ։ Ռուսաստանի ԱԻՆ–ը շտապ հայտագիր է ուղարկում Անկարա, իբր, եթե մտքներովդ անցնի սահմանը հատել` մեզ հետ եք գործ ունենալու, իսկ «Էրեբունի» օդանավակայանում տեղաբաշխված ռուսական ՄԻԳ–երը մարտական լրակազմով երկինք են սլանում։ Մարդ ես, եթե պետք լինի։
Իհարկե, կարիբյան ճգնաժամը չէ, սակայն մի կրակոց (կարևոր չէ` ում նյարդերը չեն դիմանա) ու ամեն ինչ կգնա գրողի ծոցը։
Առաջին հերթին չդիմացան Սուլեյման Դեմիրելի նյարդերը։ Նա վերցրեց խոսափողն ու միանգամից Երևան զանգահարեց։ Ի դեպ, դա պատմական պահ էր։ Այսպես` կայացավ Հայաստանի ու Թուրքիայի նախագահների առաջին խոսակցությունը։ Ու ամեն ինչ միանգամից իր տեղն ընկավ։ Զորքերը սկսեցին վերադառնալ զորանոցներ, իսկ թուրքական տանկերը` հետ շրջվել։ Պատկան մարմինները հետաքննություն սկսեցին,` հասկանալու համար` ինչ էր դա ու ինչպես դա կարող էր պատահել։
Ազգային անվտանգության ծառայությունը շատ շուտ բացահայտեց հեղինակին։ Ու քանի որ դա պետական պարբերական էր, ապա հարցը լուծվում էր ամենաբարձր պետական մակարդակով։ Պետք է նշել, որ հարցին շատ մարդասիրական մոտեցում ցուցաբերվեց։ Հավանաբար, որպես մեղմացնող հանգամանք հաշվի առնվեց այն, որ Թուրքիայի գանձարանը բազմամիլիոնանոց կորուստեր է կրել։ Դեպքի մեղավորին խմբագրի տեղակալի պաշտոնից իջեցրին մինչև սովորական թղթակից։
Մենդելեևն ու Ռոմանսները
Անցավ հինգ տարի։ Ինձ այդ թերթի գլխավոր խմբագիր նշանակեցին։ Այդ պատմությունը սկսեց մոռացվել, իսկ նախագահի աշխատակազմում արդեն ուրիշ մարդիկ էին աշխատում։ Այնպես որ առաջին հերթին ես ընկերոջս վերադարձրի նախկին պաշտոնին։ Ճիշտ է` ստիպեցի նրան խոսք տալ, որ աշխատանքի վայրում նա այլևս այդպիսի կատակներ չի անի։
– Ի՞նչ կատակ, այն պատմությունից հետո սրտի կաթված ու վիրահատություն եմ տարել…
Մի քանի ամիս անցավ։ Մի անգամ նա իմ աշխատասենյակ մտավ` ձեռքին ինչ-որ գրառում.
– Լսիր` ինչ անհեթեթություն են գրում։ «Ինչպես հայտնի է, Երևանի մասին ավելի շատ երգ է գրվել, քան Փարիզի…»։ Ու՞մ է դա հայտնի, ո՞վ է հաշվել։
Ու վերցնելով գրիչը` ավելացրեց. «Ինչպես ասել է Մենդելեևը` Երևանի մասին ավելի շատ երգ է գրվել, քան Փարիզի…»
– Նորից քո հին կատարներն ես հիշե՞լ։
– Չէ, ես հիմարություններն ու սխալները բռնելու համար երեք ֆիլտր եմ դրել։ Տեսնենք, որ փուլում կկանգնեցնեն։
– Իսկ եթե չկանգնեցնեն։
– Կկանգնեցնեն։ Բա էլ ինչի՞ համար էինք պայքարում։
Ամենօրյա թերթի գլխավոր խմբագրի կյանքը շան կյանք է։ Որպես կանոն գիշերվա երկուսին ես տուն գնում, իսկ առավոտյան արդեն պետք է աշխատավայրում լինես։ Իսկ եթե քեզ ոչ թե զարթուցիչն է արթնացնում, այլ հիմնադիրների զանգը, ուրեմն թերթի թարմ համարում նրանք ինչ-որ բան չեն հավանել։
– Ինչ-որ սխա՞լ է գնացել։
– Ինչպե՞ս կարող է ձեր թերթում սխալ գնալ,– ձայնի խայթիչ ելևէջներով պատասխանում է հիմնադիրի մամուլի ծառայության ղեկավարը,– մեզ մոտ մեկը (նա բարձրաստիճան պաշտոնյայի անունն է տալիս) հետաքրքրված է Մենդելևով։
– Ի՞նչ Մենդելեև, – քնաթաթախ վիճակում չեմ կարողանում հասկանալ` ինձանից ինչ են ուզում։
– Ինչպե՞ս թե, ինչ Մենդելեև։ Այն, որ հաշվել է, թե Երևանի մասին ավելի շատ երգ է գրված, քան Փարիզի…