Պետական եկամուտների կոմիտեն մեկ ամսում աննախադեպ՝ ավելի քան 8,5 մլրդ դրամ, ԱԱՀ-ի գումար է վերադարձրել տնտեսվարողներին: Այս մասին հայտնել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը: Նա տեղեկացրել է, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների ուսումնասիրությունների արդյունքներով 8,5 մլրդ դրամից ավելի ԱԱՀ-ի գումարը 47 հարկ վճարողի է վերադարձվել միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում, այն դեպքում, երբ 2016թ. նույն ամսում 5,1 մլրդ դրամ էր վերադարձվել 19 հարկ վճարողի: Այսինքն՝ այս տարվա հոկտեմբերին վերադարձված ԱԱՀ-ի գումարն աճել է 66%-ով, իսկ այն ստացած տնտեսվարողների թիվը՝ 147%-ով:
Տարեսկզբից մինչև հոկտեմբեր 171 հարկ վճարողի վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49,2 մլրդ դրամից ավելի գումար, որն, ի դեպ, ավելի քան 1 մլրդ դրամով գերազանցում է ողջ 2016թ. ցուցանիշը: Իսկ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշը 2016թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատելու դեպքում՝ այս տարի վերադարձված ԱԱՀ գումարի աճը կազմում է 27%: Մասնավորապես՝ 2016թ. 10 ամսում 38,7 մլրդ դրամ է վերադարձվել 107 հարկ վճարողի, մինչդեռ 2017թ. 10,5 միլիարդով ավելի գումար է վերադարձվել 64-ով կամ 60%-ով ավելի տնտեսվարողի:
Զգալիորեն՝ ավելի քան մեկ ամսով, կրճատվել է նաև ԱԱՀ-ի գումարների ստացման միջին սպասելաժամանակը, որը պայմանավորող գործոններից է մինչև 20 մլն դրամի չափով գումար պարունակող հայտերի հիման վրա վերադարձների իրականացման պարզեցված ընթացակարգը: Բացի այդ, ՊԵԿ-ը լրացուցիչ ջանքեր է գործադրել՝ իրականացվող ուսումնասիրությունների և վերադարձների գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում՝ մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում:
ԱԱՀ-ի արագ վերադարձը բիզնեսին հնարավորություն է տալիս ժամանակ խնայել, շրջանառու միջոցներ ունենալ՝ դրանք ուղղելով նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը, ինչը հանգեցնում է տնտեսական ակտիվության ավելացմանը: Գործընթացը, ըստ Արման Միրզոյանի, տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացման լրացուցիչ խթան է: Պետության հետ հաստատված կառուցողական գործընկերությունը բիզնեսին զերծ է պահում ֆինանսավորման այլ աղբյուր փնտրելուց, մասնավորապես՝ վարկ վերցնելուց: