Ռուբեն Շուխյանի հրապարակումը Facebook-ի իր էջում:
Այս հրապարակումով որոշ տեղեկություններ ենք ներկայացնում հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի երրորդ որդու՝ Համլիկ Թումանյանի մասին, որը նույնպես 1930-ականներին մոլեգնող բոլշևիկյան տեռորի զոհ դարձավ:
Ինչպես տեղեկանում ենք համացանցում տեղադրված ԽՍՀՄ-ում 1917-1991 թթ. ռեպրեսիաների զոհերի տվյալների բազայի «Բաց ցուցակ»-ից, որը կազմել է «Մեմորիալ» միջազգային կազմակերպությունը, Համլիկ Թումանյանը 1937 թվականի սեպտեմբերի 13-ին Թիֆլիսում նիստ գումարած ռազմական կոլեգիայի (անդամներ՝ Մատուլևիչ, Զարյանով, ժիգուր, Կոստյուշկո) կողմից դատապարտվել է գնդակահարման, և հաջորդ իսկ օրը, սեպտեմբերի 14-ին՝ դատավճիռն ի կատար է ածվել: Գնդակահարման և հուղարկավորման վայրի մասին տեղեկություններ չկան, սակայն ամենայն հավանականությամբ՝ դա տեղի է ունեցել Վրաստանի տարածքում:
Համլիկը ծնվել էր 1896 թվականին Թիֆլիսում: Ավարտելով Ներսիսյան դպրոցը, 1916-ին նա մեկնում է Կովկասյան ռազմաճակատ, Անդրանիկ Զորավարի հայկական կամավորական գունդ, և մասնակցում ռազմական գործողություններին: 1919-ի ապրիլից նա աշխատում է Երևանում՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում, սկզբում որպես արարողակարգային բաժնի պետ, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար: 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ Համլիկը կրկին վերադառնում է իր պարտականությունների կատարմանը, սակայն ապստամբության պարտությունից հետո նա ստիպված է լինում հեռանալ Երևանից՝ Հայաստանի արդեն նախկին ղեկավարների հետ միասին Սյունիքով անցնելով Թավրիզ: Այնտեղից տեղափոխվում է Փարիզ, որտեղ ընդունվում է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժինը:
1924-ին, օգտվելով հայտարարված համաներումից, Համլիկը վերադառնում է Թիֆլիս և սկսում է աշխատել Անդրկովկասի մամուլի բաժնում, այնուհետև ռաբֆակում՝ բանվորական ուսումնարանում: Ձերբակալման պահին նա աշխատում էր Վրաստանի Գիտությունների ակադեմիայում որպես ավագ գիտաշխատող: Հայտնի է նաև, որ մեկ անգամ նա կալանավորվել էր 1935-ին, սակայն հետո բաց թողնվել, այնուհետև 1937-ի մայիսի վերջին նրան կրկին ձերբակալում են՝ այս անգամ արդեն Լավրենտի Բերիայի անձնական հրահանգով: