«Մեդիալաբի» զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ, բանահավաք, «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը:
– Պարո՛ն Վարդանյան, համշենցիների մասին կարդացի-լսեցի ու եկա այն եզրակացության, որ նրանք ինքնության հյուծվող թելից կախված մարդիկ են` մի մասը մուսուլման է դարձել, իսկ քրիստոնյա համշենցիները խոսում են անծանոթ ու մեռնող բարբառով:
– Քրիստոնյա համշենցիները, բնականաբար, իրենց հայ են համարում: Եթե նրանց հարցնես` որտեղացի՞ ես, կասեն` ջնիկցի եմ, օրդեցի եմ, տրապիզոնցի եմ: Կրասնոդարի երկրամասում, Աբխազիայում ինձ երբեմն հարցնում էին, թե ինչո՞ւ են իրենց համշենցի ասում: Վերջին տասնամյակներում այդ մասին շատ գրվեց, հիմա բոլորը գիտեն, որ իրենց պապերը Ջնիկ, Օրդու, Տրապիզոն են եկել Համշենից: Օրինակ՝ սասունցիները Սասունից են եկել Թալին, եթե Թալինից էլ մի ուրիշ տեղ են գնում, հարցնում են՝ որտեղացի՞ եք, ասում են` Թալինից ենք: Իմացողը հասկանում է, որ նրանք նաև սասունցի են: Չիմացողն էլ երևի կմտածի, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից են: Իսկ իսլամ համշենահայերը, որ ապրում են Ստամբուլում կամ Արդվինի նահանգում, որպեսզի չասեն` թուրք ենք, ասում են` համշենցի ենք, քանի որ չեն կարող ասել` հայ ենք, որովհետև քրիստոնյա չեն: Սա ինքնությունը և՛ պահելու, և՛ թաքցնելու միջոց է:
– Մուսուլման դարձած համշենցիներն ինչպե՞ս են կարողանում պահել իրենց մշակույթը, ավանդույթները:
– Շատ կարևոր է իմանալ, թե որքան ժամանակ է անցել նրանց իսլամ ընդունելուց: Համշենցիները մասսայաբար իսլամ են ընդունել 1720-ական թվականներին: Պատկերացրեք` 300 տարի առաջ իսլամ ընդունած հայեր են, և որքան մեծ փոփոխություններ են եղել նրանց մշակույթում: Բայց երբ նրանց հարցնում են` որտեղացի՞ ես, ասում են` համշենցի եմ: Ինչպես ես Ձեր հարցին` որտեղացի եմ, պատասխանեցի` վանեցի եմ, թեպետ պապս ու տատս 1915-ին են այնտեղից գաղթել: Համշենում գյուղերը սարերում ու անտառներում ցրված են: Մինչև 1950-60-ական թվականները Ռիզեի նահանգի համշենցիները հայերեն էին խոսում: Երբ էլեկտրականություն քաշեցին, հեռուստացույց բերեցին, այդ ժամանակ ռիզեցիները թրքախոս դարձան: Նրանք պահպանել են բազմաթիվ հայերեն բառեր, որոնց մի մասը գրի եմ առել իրենց գյուղերում: Մինչև այդ մարդիկ, մանավանդ կանայք, թուրքերեն չէին խոսում: Սարի ծայրին էին ապրում, որտե՞ղ պիտի սովորեին: Նույն վիճակն էր նաև Արդվինի նահանգում, որտեղ մինչև 1970-80-ական թվականներին էլեկտրականություն անցկացնելը շատերը թուրքերեն չգիտեին: Հիմա երեխաները թուրքերեն մուլտ են նայում ու մանկուց թուրքերեն գիտեն: Հաճախ, երբ համշենցիների հետ նստած զրուցում ենք, նրանք թուրքերենի են անցնում: Ասում եմ` «Ինչի՞ համշեցնակ խաբրե չես» (ինչո՞ւ Համշենի բարբառով չես խոսում): Պատասխանը հայտնի է, մերօրյա շատ երևույթների մասին իրենց խոսվածքում համապատասխան բառեր չկան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` Համշենի բարբառը Թուրքիայի 18 վտանգված լեզուներից է:
– Համշենցիները հյուրասե՞ր մարդիկ են: Երբ համշենցիների մասին նյութեր էի ուսումնասիրում, հոդվածներից մեկում հեղինակը պատմում էր, թե ինչպես մի գյուղում համշենցիների գտավ, կինն ու աղջիկը սիրով զրուցում էին, բայց երբ եկավ ընտանիքի հայրը, խիստ տոնով վերջ տվեց զրույցին և տան դռնից ներս էլ չթողեց:
– Համշենցիներն ավելի ներամփոփ մարդիկ են: Համշենցիների մոտ անծանոթ մեկը գնա, կխուսափեն շատ թեմաներով խոսել, բակում թեյ կհյուրասիրեն, կճանապարհեն, ներս չեն հրավիրի: Այնտեղ ընդունված չէ անծանոթ մեկին, մասնավորապես, օտարերկրացուն տուն տանել: Նրանք, այո՛, զգուշավոր են, գուցե հանգամանքների բերումով: Հայաստանի գյուղերում անծանոթին, նաև օտարազգի մեկին ուտեցնել-խմեցնելը, երկրի ներսում ինչ կա-չկա անկեղծորեն պատմելն այնտեղ ընդունված չէ: Համշենցին այդպիսին չէ: Նրանք զուսպ են ընդունելության, հյուրասիրության հարցում: Ի դեպ, նրանց հարսանիքների սեղանն էլ շատ համեստ է: Պարում են, երգում են, ուրախանում են: Նրանց հյուրասիրության ընկալումն ուրիշ է:
– Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք սկսեցիք Համշենով, համշենցիներով հետաքրքրվել: Ինչպե՞ս առաջացավ այդ հետաքրքրությունը:
– 1969 թվականին` դպրոցն ավարտելուց հետո, մորս հետ գնացինք Ադլեր` ծովափ: Մայրս ասաց` «Շատ ես պարապել, հոգնել, գնանք մի քիչ հանգստացիր»: Ադլերի մոտ Մոլդովկա անունով գյուղ կա: Մոլդովկան հայկական գյուղ է, որտեղ համշենցիներից բացի ապրում են նաև էստոնացիներ, մոլդովացիներ: Ադլերում, ում տանը հանգրվանել էինք, Մոլդովկայից մտահոգ դեմքերով մարդիկ էին գնում-գալիս, ձեռքներին` թղթապանակներ: Նրանք մեզ պատմեցին, որ ցանկանում են Մոլդովկայում հայկական դպրոց բացել, բայց տեղական իշխանությունները դեմ են: Երբ նրանց հետ զրուցում էինք, որոշ բաներ չէինք հասկանում նրանց խոսքից: Հիշում եմ` տպավորվել էի, որ մարդուն «մաշտ» էին ասում և այլն, որ այդ մարդիկ պայքարում էին հայ մնալու համար: Երբ վերադարձանք Հայաստան, ում հարցնում էի Համշենի և համշենցիների մասին, կցկտուր բաներ էին ասում: Սկսեցի գրականություն որոնել, դա էլ չկար: Տարեկան հարյուր հազարավոր հայեր էին գնում այդ ծովափնյա քաղաքները, որտեղ համշենցիներ են ապրում, այնտեղ լողում էին, հանգստանում, բայց համշենցիների մասին համարյա ոչինչ չգիտեին: Հետո աշխատանքի ընդունվեցի «Պիոներ կանչ» թերթում ու սկսեցի Աբխազիայի, Կրասնոդարի երկրամասի հայ երեխաների բանաստեղծությունները տպել: Այդպես կապ ստեղծվեց համշենցիների հետ: Մի օր էլ Ադլերից եկավ Անդրանիկ Զեյթունյան անունով մի համշենցի մանկավարժ, որը Հայաստանից գրքեր էր տանում, դպրոցներում բաժանում, ազգային ինքնապահպանման հարցերով էր զբաղվում: Նրա միջոցով գտա ինձ հուզող շատ հարցերի պատասխանները և ամրապնդեցի կապերս համշենցիների հետ:
Ամբողջությամբ՝ medialab.am