Բյուջեն պետության տարեկան եկամուտների և ծախսերի կոնկրետ ծրագիրն է։ Հենց բյուջեն է օգնում հնարավորինս արդյունավետ բաշխել ռեսուրսներն ըստ ժամանակի։
Տարեցտարի Հայաստանում ֆինանսապես գրագետ մարդկանց թիվը մեծանում է, ինչն էլ պայմանավորված է ֆինանսական ոլորտի նկատմամբ նրանց հետաքրքրությամբ, որտեղ հիմնարար փաստաթղթերից մեկը պետական բյուջեն է։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է հանրամատչելի կերպով բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ֆինանսական փաստաթուղթը, որով ապրում է երկիրը մի ամբողջ տարի։
Ինչի՞ համար է առհասարակ պետբյուջեն
Պետբյուջեում սահմանվում են երկրի և նրա քաղաքացիների հիմնական պահանջարկները, որոնք ենթակա են բավարարման պետական միջոցների հաշվին, ինչպես նաև մատնանշվում են պետական գանձարանում ակնկալվող դրամական հոսքերի (հարկերի և այլ մուտքերի) աղբյուրներն ու չափերը։
Խոսքը հաջորդ տարվա ծախսերի և եկամուտների մասին է, որովհետև հաջորդ տարվա պետբյուջեի նախագծերն ընդունվում են ընթացիկ տարվա ավարտին։ Այսպես, ՀՀ 2018 թվականի պետբյուջեի նախագիծը պետք է հավանության արժանանա 2017 թվականի աշնանը։
Որտեղի՞ց են եկամուտները
Պետության եկամուտների հիմնական մասը հարկերն են, որոնք բաժանվում են անուղղակի և ուղիղ հարկերի։
Ուղիղ հարկերն ընդգրկում են շահութահարկը, ինչպես նաև քաղաքացիների եկամտահարկը։ Օրինակ, Հայաստանում շահութահարկը կազմում է 20 տոկոս, մինչդեռ եկամտահարկն օժտված է պրոգրեսիայի կառուցվածքով և կախված է քաղաքացիների աշխատավարձի մեծությունից։
Անուղղակի հարկերն իրենցից ներկայացնում են մատուցվող ծառայություններից կամ ապրանքներից գանձվող գումարներ` ավելացված արժեքի տեսքով։ Հիմնականում դրանք ներառում են ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), մաքսատուրքեր, ակցիզներ և այլ գումարներ։ Հայաստանում ԱԱՀ տոկոսադրույքը կազմում է 20 տոկոս, մինչդեռ ակցիզային գումարները և մաքսատուրքերը կախված են կոնկրետ ապրանքատեսակից։
Պետության համար շահավետ է խթանել բիզնեսի և առևտրի զարգացումը, քանի որ դրանից է կախված նաև ստացվող բյուջետային միջոցների չափը։
Պետությունը միաժամանակ օժտված է նաև այլ, եկամուտների ոչ հարկային աղբյուրներով։ Տվյալ մուտքերը ներառում են պետական վճարովի ծառայություններից, պետական գույքի օգտագործումից, պետական տարբեր ձեռնարկություններից ստացվող եկամուտներ։