Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանն այսօր նշում է 34–ամյակը։ Պարզվում է` այս տարի նա որոշել է լուրջ փոփոխություններ անել ու 34–ամյակը նշել այնպես, ինչպես երբեք չի արել։ Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել հոբելյարի հետ։
Հրաչին առաջինը շնորհավորել են ամենամտերիմ մարդիկ։ «Հարազատների ջերմության մեջ եմ եղել, ինչը գործի բերումով հաճախ պակասում է։ Կեսգիշերին մոտ եկա տուն։ Միտումնավոր չէի արել, այդպես ստացվեց։ Ինձ հարազատ մարդիկ, ընտանիքիս անդամներն ինձ դիմավորեցին տորթով, շնորհավորանքներով։ Մի քիչ նստեցինք, ու ես քնեցի,– ասաց նա ու հավելեց, որ որոշել է տարեդարձը սկսել ինքն իրեն նվերներ մատուցելով։ –Ամենամեծ նվերը, որ ինձ մատուցել եմ, 8 ժամ քնելն էր, վերջին տասնամյակում նման բան, երևի, չէր եղել»։
Պարզվում է` այսօր Հրաչը պետք է լիներ ինքնաթիռում, սակայն որոշել է փոխել իրադարձությունների հունը։ «Տարեդարձիս օրվա մեծ մասը պետք է լինեի ինքնաթիռի մեջ, քանի որ այսօր պետք է մեկնեի ԱՄՆ։ Սակայն ես հասկացա, որ եթե մեկ օր ուշ մեկնեմ, աշխարհի վերջը չի գա. ես անընդհատ գնում եմ ինչ–որ բանի հետևից ու չեմ անում այն, ինչ ուզում եմ։ Այսօր որոշել եմ անել մի բան, ինչ երբեք չեմ արել՝ ապրել առանց գրաֆիկի։ Ինձ տվել եմ բացարձակ ազատություն և օրվա ընթացքում անելու եմ այն, ինչ ուզում եմ։ 34-ում, երևի, մի քիչ էլ պետք է քո մասին մտածես, որովհետև մինչև 34 տարեկան, ես շատ ավելի մտածել եմ այլ բաների մասին։ Կյանքումս առաջին անգամ հասկացա, որ սա իմ օրն է»,– ոգևորությամբ ասաց հաղորդավարը։
Ամբողջությամբ՝ life.tert.am