Ուղիղ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 3-ին, Հունաստանում ամուսնացան երգչուհի-մոդել Կարինե Օհանյանն ու հույն երգիչ Ջեյսոնը։ R’n’B և Pop ոճերում հանդես եկող Keyoh-ը պատմել է ամուսնական կյանքի մասին և տրամադրել հարսանեկան լուսանկարներ. «Հիմա իրար ավելի ենք սիրում ու ավելի կապված ենք։ Մեզ շատ էին ասում, որ միասին ապրելուց հետո ամեն ինչ կփոխվի։ Իհարկե, որոշ չափով համաձայն եմ, բայց, փառք Աստծո, փոխվել է միայն դեպի լավը»:
Զույգը մեղրամսից հետո պլանավորում է բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում. «Կապրենք Լոս Անջելեսում կամ Սան Ֆրանցիսկոյում։ Ամուսնական կյանքը չի խանգարում մեր աշխատանքին, ամեն հարցում Ջեյսոնը կողքիս է, իրար շատ ենք օգնում»:
Կարինեն երաժշտական դադար չի վերցրել և երկու շաբաթ անց կնկարահանի նոր տեսահոլովակ. «Աշխատել եմ Կիպրոսում շատ հայտնի դիջեյ Livin R-ի հետ։ Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա երգը կհնչի նոյեմբերին։ Նաև կլինեմ «MaTuVu»-ի շապիկին, որը բելգիական բարձրակարգ ֆեշն-ամսագիր է։ Ֆոտոշարքն իրականացրել ենք հարսանիքից մեկ շաբաթ հետո»: