Ծիծեռնակաբերդի տարածքը Երևանի ամենահարուստ հատվածներից է, սակայն ոչ թե արկածախնդիրների, այլ հնագետների համար:
1960–ականներին, երբ նախաձեռնեցին Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի կառուցումը, շինարարներն ու ճարտարապետներն այդ հատվածում սկսեցին աշխատանքներ տանել և հայտնաբերեցին կավամանների մնացորդներ: Դրանք հետագայում հնագետներն ուսումնասիրեցին. պարզվեց, որ կավամանները միջին բրոնզե դարի են:
Պեղումներն ապացուցեցին՝ այդ տարածքում հնագույն ամրոց է եղել՝ Ծիծեռնակի բերդ անունով: Թվագրվում է մ.թ.ա. 10-րդ դարով: Հնագետ Հայկ Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց՝ ամրոցի պարսպի պատերը կարելի է հատվածական տեսնել Ծիծեռնակաբերդի բլրի երկայնքով: Միայն թե առաջին հայացքից դրանք նման են քարակույտի: Դա է պատճառը, որ մինչ այդ ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձրել:
«Այն կողմում, որն ավելի մոտ է Հրազդան մարզադաշտին, պալատական տիպի սենյակներ գտանք, բայց այդպես էլ փակեցինք, որովհետև պետք են ֆինանսներ աշխատանքները շարունակելու համար»,-ասաց հնագետը:
Իսկ հակառակ կողմում, որը մոտ է մանկական երկաթուղուն, հնագետները հայտնաբերել են հնագույն բնակարան՝ երկու հատակով:
«Այդտեղ էլ կիսաթռչնաձև, կիսաձիաձև քարից կուռք գտանք, որը գտնվում է Երևանի պատմության թանգարանում»,-պատմեց Հակոբյանը:
Հնագետը կարծում է, որ այս ամբողջ տարածքը պետք է դառնա մշակութային արգելոց, պետք է շարունակվեն պեղումները: Բայց, քանի դեռ այս ուղղությամբ անհրաժեշտ ներդրումներ չկան, հնագետները խնամքով փակել են հայտնաբերածն ու որոշել դեռ սպասել:
Ամբողջ հայտնաբերածը լուսանկարների տեսքով կա, բայց դրանք այն ժամանակ արվել են ժապավենների վրա ու մինչ օրս չեն կարողացել անգամ թվայնացնել:
Ի դեպ, Երևանի պատմության թանգարանի գիտաշխատող Անժելա Տերյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց Ծիծեռնակաբերդի շուրջ հյուսված ավանդազրույցի մասին:
«Ավանդազրույցի համաձայն՝ Հրազդան գետի աջ կողմում գտնվող այդ բլրի վրա հնուց մի բերդ կար, որը սիրո աստվածուհի Աստղիկի անունով կոչվում էր Աստղիկաբերդ: Բերդի բարձրաբերձ աշտարակի ամենավերին հարկում բնակվում էին ծիծեռնակները՝ Աստղիկ դիցուհու սուրհանդակները, որոնք ընտրյալներին էին հասցնում նրա հրավերքը: Այդ է պատճառը, որ մեր քաղաքում գտնվող այդ բարձրադիր բլուրը կոչվել է նաև Ծիծեռնակաբերդ և այժմ ավելի շատ հայտնի է այդ անունով»,-պատմեց Տերյանը
Ավանդազրույցն ու հնագիտական հարուստ նյութերը ստիպում են հաջորդ անգամ Ծիծեռնակաբերդ այցելելիս ավելի ուշադիր զննել շուրջը և մտովի հայտնվել պատմական ամրոցի տարածքում: