Թարգմանչաց գերդաստանի հայրը
Advertisement 1000 x 90

Թարգմանչաց գերդաստանի հայրը

Թիֆլիսը տարիներ շարունակ համարվել է հայ գրական և մշակութային կենտրոն, որտեղ գործել են զանազան գրական, թատերական և այլ խմբակներ։ Բավական է հիշել Հովհաննես Թումանյանի «Վերնատունը» կամ հայտնի «Հայարտունը»։ Դրանք վաղուց են եղել, ես չեմ տեսել, թեև ծնվել և քսանհինգ տարի ապրել եմ նախկին «Հայարտան» շենքում։ Փոխարենը տեսել եմ մեկ այլ «Վերնատուն», ոչ պաշտոնական։

…Թբիլիսիի հայաշատ Հավլաբար թաղամասում, հայկական թատրոնից ոչ հեռու կա մի համեստ բնակարան, որը վաղուց ի վեր դարձել է հայ մտավորականների հանդիպումների, բանավեճերի կամ պարզապես մտերմիկ  զրույցների հավաքատեղին։ Հայ մտավորականները այդ բնակարանը նույնպես «Վերնատուն» էին անվանում։ Եվ, իրոք, հյուրընկալ այդ օջախը շատ բանով էր հիշեցնում  Հովհաննես Թումանյանի նշանավոր «Վերնատունը»։ Տանտերը Հովհաննես Դավթյանն էր, հայ-վրացական մշակութային կապերի զարգացման երախտավորներից մեկը, որի ծննդյան 130-ամյակը լրանում է այս օրերին։ Հովհաննես Դավթյանը բազմաշնորհ մտավորական էր։ Նա հայտնի էր իբրև թարգմանիչ, մանկավարժ, լրագրող էր, երաժշտագետ, Խորհրդային Միության գրողների միության անդամ էր 1934 թվականից, այսինքն՝ այդ միության հիմնադրման տարվանից, արժանացել էր Վրաստանի վաստակավոր ուսուցչի կոչման։

Հովհաննես Դավթյանը ծնվել է 1887 թվականին Վրաստանի Գորիի գավառի Սուրամ ավանում։ Ութ տարեկանում եղել է կոշկակարի աշակերտ, հետո սովորել է տեղի ծխական դպրոցում։ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո (1907) ընդունվել է Պետերբուրգի հոգենյարդաբանական ինստիտուտը։  Սակայն նյութական ծանր պայմանները ստիպում են կիսատ թողնել ուսումը և վերադառնալ հայրենիք։ 1909 թվականից, շուրջ վաթսուն տարի, Հովհաննես Դավթյանն իբրև ուսուցիչ աշխատել է Արցախի Գետաշեն գյուղում, Վրաստանի Սուրամ, Սաչխերե, Ցխինվալ, Բորժոմ, Թելավ, Սղնախ բնակավայրերում։ Դավթյանը հիմնել է նաև բազմաթիվ գրադարան-ընթերցարաններ, հայկական բարեգործական  ընկերությունների տեղական մասնաճյուղեր, կազմակերպել շրջիկ թատերախումբ, քառաձայն երգչախումբ, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում։ Ասենք, որ  Հովհաննես Դավթյանի  երաժշտության ուսուցիչներն են եղել Մակար Եկմալյանը, Կոմիտասը, Քրիստափոր Կարա-Մուրզան։

Սակայն Դավթյանի գործունեությունը նվիրված է եղել գլխավորապես գրականությանը, որին նա զինվորագրվել էր դեռևս 1907  թվականից։ Նրա հայերեն, վրացերեն և ռուսերեն գրված հոդվածները, ակնարկները, հետազոտությունները տպագրվել են «Կայծ», «Մուրճ», «Նոր խոսք», «Պայքար», «Գրական թերթ», «Մնաթոբի», «Արվեստ» և բազմաթիվ այլ թերթերում ու հանդեսներում։

Կարևորագույնը, սակայն, Դավթյանի անուրանալի վաստակն է որպես թարգմանչ։ Կատարելապես տիրապետելով հայերեն և վրացերեն լեզուներին՝ նա թարգմանություններ է կատարել ինչպես հայերենից վրացերեն, այնպես էլ վրացերենից հայերեն։ Վրաց ընթերցողը նրա բարձրակարգ թարգմանությունների շնորհիվ ծանոթացել է հայ դասական և ժամանակակից գրողների, մասնավորապես, Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Գաբրիել Սունդուկյանի, Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Նար-Դոսի, Ակսել Բակունցի, Ստեփան Զորյանի, Հրաչյա Քոչարի, Սերո Խանզադյանի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Վաղարշակ Նորենցի, Ծերուն Թորգոմյանի, Բենիկ Սեյրանյանի և բազմաթիվ այլ գրողների ընտիր երկերին։ Եվ, փոխադարձաբար, նա հայ ընթերցողին է ներկայացրել Ակակի Ծերեթելու, Իլյա Ճավճավաձեի, Վաժա Փշավելայի, Կոնստանտինե Գամսախուրդիայի, Ակակի Բելիաշվիլու, Ալեքսանդրե Քութաթելու, Իոսեբ Նոնեշվիլու և ուրիշների ստեղծագործությունները։

Սերը գրականության, մասնավորապես, գեղարվեստական թարգմանության նկատմամբ անցել է նաև նրա զավակներին։ Վաղամեռիկ Արտեմ Դավթյանը հոր շնորհակալ գործի արժանավոր շարունակողն էր։ Նա է վրացերեն թարգմանել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին», Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը», Նար-Դոսի «Սև փողերի տոկոսը» և մի շարք այլ գործեր։

Հայ գրականությունը վրաց ընթերցողին ներկայացնելու պատվաբեր, հայրենասիրական գործին է նվիրվել նաև Հովհաննես Դավթյանի մյուս որդին՝ Հրաչիկ (Արչիլ) Դավթյանը։ Նրա գրչի արգասիքն են Րաֆֆու «Ոսկի աքաղաղի» և Մուրացանի «Նոյի ագռավի» վրացերեն թարգմանությունները։ Ահա թե ինչու Թբիլիսիում Դավթյանների ընտանիքը բոլորն անվանում էին «թարգմանչաց գերդաստան», իսկ Հովհաննես Դավթյանին՝ «թարգմանչաց գերդաստանի հայր»։

Վաստակաշատ մտավորականն իր մահկանացուն կնքեց 1985 թվականին՝ 98 տարեկան հասակում։ Չնայած պատկառելի տարիքին՝ նա գրիչը վայր չդրեց մինչև կյանքի վերջին օրերը։ Սա, թերևս, այն դեպքերից է, երբ ասում  են՝ «ծառերը կանգնած են մահանում»։ Այո, Հովհաննես Դավթյանը հաստաբուն կաղնու պես կանգնած մեռավ։

… Ես ևս բախտ եմ ունեցել լինելու Հովհաննես Դավթյանի «Վերնատանը» տակավին այն ժամանակ, երբ ընդամենը 8-10-րդ դասարանների աշակերտ էի, ապա՝ Թբիլիսիի  Ա. Ս. Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի ուսանող։ Առաջին անգամ ինձ այնտեղ տարավ հայրս՝ գրող, հրապարակախոս, գրաքննադատ Կորյուն Ազրոյանը։ Մենք գնացել էինք Ստ. Շահումյանի անվան հայկական դրամատիկ թատրոն՝ նոր ներկայացում դիտելու։ Ներկայացումից հետո հայրս առաջարկեց գնալ Դավթյանների տուն «Վերնատուն»։ Հենց այդ «Վերնատանն» էլ տեղի ունեցավ ներկայացման քննարկումը։ Արդեն այստեղ էին գրող Բենիկ Սեյրանյանը, բանաստեղծ-թարգմանիչ Սուրեն Ավչյանը, Հայպետդրամայի դերասաններ Արտեմ Լուսինյանը, Դորի Ամիրբեկյանը, Աշոտ Քաջվորյանը,բանաստեղծ-դերասան Պահարեն։ Բնական է, նաև հայր և որդի Դավթյանները։ Հիմնական բանախոսը հայրս էր։ Ես այնտեղ հասկացա, թե ինչ ասել է «Վերնատուն»։ Հայ մտավորականները համախմբվել էին քաղաքի երիցագույն գրող ու մանկավարժ Հովհաննես Դավթյանի հյուրընկալ հարկի տակ և կարծես շարունակում էին Մեծն Լոռեցու «Վերնատան» գործը։

Հետագայում, երբ ես դարձա «Սովետական Վրաստան» թերթի գրական աշխատող,Դավթյանների հարկի տակ ինձ արդեն ընդունում էին ոչ միայն որպես Կորյուն Ազրոյանի որդու, այլև «Վերնատան» լիիրավ անդամի։ Այս տանը լինում էին Սուրեն Ավչյանը, Բենիկ Սեյրանյանը, Հովհաննես Կարայանը, Աղասի Այվազյանը, հայկական թատրոնի դերասաններ, մանկավարժներ։ Հենց Հովհաննես Դավթյանի հորդորանքով Բենիկ Սեյրանյանը, ով «Սովետական Վրաստան» թերթի արվեստի բաժնի վարիչն էր, ինձ հանձնարարեց գրել Ստ.Շահումյանի անվան թատրոնում բեմադրության պատրաստվող Նոդար Դումբաձեի «Ես տեսնում եմ արևը» ներկայացման գրախոսությունը։ Պետք է ասեմ, որ Բենիկ Սեյրանյանը մինչ այդ ինձ հանձնարարել էր գրել «Զինվորի հայրը» ֆիլմի գրախոսականը, որը տպագրվել էր «Սովետական Վրաստան»-ում։ Նույն թվականի դեկտեմբերի 30-ին այդտեղ լույս տեսավ նաև իմ գրախոսականը Նոդար Դումբաձեի պիեսի բեմադրության վերաբերյալ։ Այդ օրը, չնայած Ամանորի նախօրյակն էր, Դավթյանների  հյուրընկալ հարկի տակ տեղի ունեցավ իմ քննադատական հոդվածի քննարկումը։ Հուրախություն խստապահանջ հորս, նրա բոլոր գործընկերները բարձր գնահատական տվեցին իմ հոդվածին։ Բայց բոլորը չէին, որ նույն կարծիքի էին։ Մասնավորապես,թատրոնի երևելի դեմքերից մեկը, ում ես քննադատել էի, ինձանից նեղացել էր։ Միայն Հովհաննես Դավթյանի  միջամտությունից հետո այդ շնորհալի դերասանը հաշտվեց ինձ հետ։

Կես դարից ավելի է, ինչ Թիֆլիսում չեմ ապրում։ Բայց երբեք կապերս չեմ խզել թիֆլիսահայ գրական կյանքի, հատկապես Դավթյանների հետ։   Այսօր ես նորից եմ անդրադառնում այդ մեծ մարդուն, համեստ մտավորականին։ Առիթը նրա 130-ամյակն է։ Այսօր չկան ոչ հայրս, ոչ Դավթյանը, ոչ էլ սույն հոդվածում հիշատակված մյուս գրական-մշակութային գործիչները։ Թող որ իմ այս ակնարկը լինի յուրօրինակ ձոն մեր նախնիների, հատկապես մտավորականների հիշատակին, ովքեր երևելի հետք են թողել հայ գրականության, հայ-վրացական գրական կապերի տարեգրության մեջ։                          

Լևոն ԱԶՐՈՅԱՆ

«Արմենպրես»-ի թղթակից