«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, որ իրեն հարյուր տոկոսանոց հայ է համարում, չնայած, որ հայերեն չի խոսում:
«Ես ռուսաստանցի եմ, ռուսերենն իմ մայրենին է, իսկ հայրենիքը՝ Ռուսաստանը: Բայց ես զտարյուն հայ եմ: Իհարկե, հայերեն չգիտեմ, բայց երեխաներս գիտեն»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը Россия 24-ի հարցազրույցի ժամանակ:
Խմբագիրն ասաց նաև, որ նախքան իր կյանքում Տիգրան Քեոսայանի հայտնվելը, Պուտինի պաշտոնական այցի ժամանակ, մեկ անգամ եղել է Հայաստանում և ոչինչ չի հասցրել տեսնել:
«Հայաստանում Պուտինից բացի ոչինչ չեմ տեսել: Բայց այս տարվա մայիսին երեխաներիս կնքահայրը՝ Արթուր Ջանիբեկյանը և Տիգրանը գլխապտույտ ճամփորդություն կազմակերպեցին Հայաստան: Օրինակ՝ մի հնամյա եկեղեցում հատուկ մեզ համար օպերային երգչախումբ երգեց»,- ասաց Մարգարիտա Սիմոնյանը: Նա նաև ասաց, որ քիչ չի տուժել իր ծագման համար:
«90-ականներին Կրասնոդարը բարդ տարածաշրջան էր: Հայաստանից շատ եկան. պատերազմը, Ղարաբաղի հարցը, շրջափակումը… Նույնիսկ հայերի նկատմամբ բռնություններ եղան: Գորբաչովի ժամանակ էր: Հավաքեցին ռուս զորակոչային տարիքի տղամարդկանց և ասացին, որ մեկնելու են Ղարաբաղ: Մյուս օրը սկսվեց. ջարդում էին պատուհանները, մեքենաները, թաքնվում էինք, ուր կարող ենք: Մեզ անգամ ասացին, որ որոշ ժամանակ դպրոց չգնանք»,- պատմեց Մարգարիտա Սիմոնյանը:
Իսկ կրասնոդարյան հեռուստաալիքը հորդորել էր երկար ժամանակ սյուժեով եթեր դուրս չգալ, որ «հանրությունը չգրգռվի…»:
rusarminfo.ru