Կարտոֆիլի դաշտերի թագուհիները. jam-news.net (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կարտոֆիլի դաշտերի թագուհիները. jam-news.net

Արևապաշտապան գլխաշորերով, աշխատանքային ձեռնոցներով, տաք հագուստներով, պարկերով ու մտահոգ ժպիտով: Այսպսիսն են կարտոֆիլ մշակող կանայք։ Տարիներով դաշտի ծանր աշխատանքը կոփել է նրանց, կոպտացրել, էլ չեն տրտնջում:

«Հա, ծանր գործ է, ամեն աշխատանք էլ ծանր է, հեշտ փող չկա, մերը հողի աշխատանք է, հողին սերմը  կուտանք, հետո հետ կվերցնենք»,-ասում է Մայրանուշը:

Նա արդեն 10 տարի է  գարնանը կարտոֆիլի պալարները «ի պահ»  է տալիս հողին, որ աշնանը մեկի փոխարեն հողի տակից 10-15 հանի: Պատմում է, որ նախկինում օգնում էին տղամարդիկ, բայց նրանք գնացին խոպան,  դաշտում արդեն գրեթե բոլոր գործերը կանայք են անում՝ ցանում, ոռոգում, տարբեր միջոցներով բույսը պաշտպանում ու պարկերով հավաքում: Կիզիչ արևը, ցուրտն ու անձրևը չեն կարող խանգարել նրանց:

Իսկ դաշտում թեյնիկից խմած սուրճը ամեն մեկի համար ամենասպասվածն է, հանգստացնողն ու առույգացնողը: Այդ պահին տրակտորի ձայնին փոխարինում է կանանց աշխույժ զրույցներն ու ծիծաղը:

Պատահականությամբ, թե հատուկ պայմանավորվածությամբ, կարտոֆիլի տեսակների մեծ մասն էլ կնոջ անուն ունեն՝ ագաթա, արիզոնա, մադելյա, մարֆոնա ու ամբիցիոզ…  Միայն ավստրիական, հոլանդական ու շոտլանդական  կարտոֆիլի նշված այս տեսակներն են հարմարվել Հայաստանի բնակլիմայական պայմաններին ու բարձր բերքատվություն  են ապահովում:

Ամեն տարի սերմերի նոր տեսակներ են ներկրում ու 3-4 տարի փորձարկում են, որ տեսնեն, թե դրանք ինչպիսի բերք կտան Հայաստանի կլիմայական պայմաններում: Հաջողված տեսակների սերմերը վաճառում են ֆերմերներին ու գյուղացիներին, որ տեսականու բարելավում ապահովվի ու բերքատվությունը բարձրանա:

«Բայց էս տարի էնքան էլ լավ բերք չէղավ: Եղանակը լավը չէր: Երաշտ էր, շոգերն էլ ընկավ բույսը չաշխատավ, շոգին կարտոլը որպես դեկորտատիվ բույս աշխատավ, հողի տակի պալարները չմեծցան: Շատ տեղեր էլ էղածը նեխել էր, դաշտ կա 50 տոկոսը թողինք դաշտի մեջ»,- ասում է տիկին Անժելան:

«Տարվա սկզբից շատ լավ էր եղանակը, բայց հետո անձրև քիչ էկավ, փորձեցինք ջրել: Ամեն տարի ամենաշատը 6 անգամ կջրեինք, էս տարի 10-12 անգամ ջրել ենք: Բայց հողի տակ գերխոնավությունը մնաց, վրեն չորցրեց, էդ պատճառով էլ նեխվավ», -պարզաբանում է արդեն 20 տարի կարտոֆիլի մշակմամբ զբաղվող   ֆերմեր Հովհաննես Գաբոյանը: Նրա խոսքով, եթե նախորդ տարիներին ամեն մի հեկտարից հավաքել են 30-35 տոննա կարտոֆիլ, այս տարի հազիվ դրա կեսը հավաքեն:

Հայաստանի բոլոր տարածաշրջաններում արդեն ավարտում են կարտոֆիլի  բերքահավաքը:   Բոլոր ֆերմերներն են հավաստում. բերքը քիչ է սպասվածից, ու դա անհետևանք չի մնացել: Շուկայում կարտոֆիլի գինը թանկացել է: Եթե նախորդ տարի 1 կգ կարտոֆիլը դաշտից վաճառում էին 80-100 դրամով, հիմա 140-150 դրամ է:

«Թանկացում կսպասվի, որովհետև քիչ է բերքը: Չնայած անկանխատեսելի է: Կախված է իրացումից: Շատ ռիսկային ու անկանխատեսելի է շուկան, կարող է թանկ մնա գինը, կարող է էնքան էժանանա մնա գյուղացու վրա, գարունը  փչանա թափե»,- իր մտահոգություններով կիսվեց 25 տարի Ազատան գյուղում  կարտոֆիլագործությամբ զբաղվող Լուսիկ Թովմասյանը:

Բայց ինչքան էլ բերքը քիչ է, կարտոֆիլ մշակողներին մտահոգում է իրացումը: Պահեստներում սկսել են տեսակավորել բերքը: Գնորդները, կարծես թե, չեն շտապում: Հայաստանյան ներքին շուկան ամեն տարի փոքրանում է, արտահանել էլ ոչ միշտ է ստացվում: Հարևան երկրների բերքատվությունը ևս կարևոր գործոն է դառնում բերքի գնագոյացման ու իրացման համար:

Ֆերմերները վստահեցրեցին, որ Վրաստանում ևս այս տարի բերքը լավը չի, նշանակում է հարևան  երկրում էլ կարտոֆիլը թանկ կլինի: Իսկ նման դեպքում  վրացիները փնտրում են էժան շուկաներ, ներկրում են Հայաստանից կամ Թուրքիայից:

«Եթե Վրաստանում էլ, մեր մոտ էլ կարտոֆիլի գինը նույնը եղավ, չեն տանի, ավելորդ ռաստամոժկա հո չեն էնե: Իսկ երբ Վրաստան էլավ գները, գոնե 40 դրամի տարբերություն տվեց Հայաստանի համեմատ, արդեն կուգան կտանին», -ասում է ֆերմեր Լուսիկ Հովհաննիսյանը:

Բայց իրացումից ու գնից առաջ, կա մի կարևոր «ծես»: Դաշտում կարտոֆիլի փուռ սարքելը՝ հողից ստացված բարիքը հողում խորովվում է: Ստացված բերքի առաջին գնահատական տվողը դաշտում աշխատող մարդիկ են:

jam-news.net