Հայկոն Թվիթերում միլիոնից ավելի հետևորդներ ունի: Բայց «հաջողությունից արբելու» փոխարեն նա հիմա խիստ անհանգստանում է իր ընտանիքի անվտանգության համար:
Հայկո Բաղդադը՝ Թուրքիայի հայտնի լրագրողներից մեկը, «կարմիր գիծը» հատել է դեռևս 2 տարի առաջ:
Իր թվիթներից մեկում նա «խայթել» էր Անկարայի արդեն նախկին քաղաքապետին՝ Մելիխ Գենչեկին: «Ինչպիսի խայտառակություն. մայրաքաղաքը տվել են հայերին»: Հենց սրանով էլ նա ավարտ դրեց իր հանգիստ կյանքին և վտանգեց իր կարիերան:
Դատարանը նրան ենթարկեց դրամական տույժի: Այդ ժամանակ Հայկոն մեկնեց Գերմանիա, որովհետև «դաստիարակվել» չէր ուզում: Իսկ Էրդողանի ռեժիմը շարունակում էր դա պահանջել: Հատկապես` 2016 թ.-ի հուլիսի հեղաշրջման փորձից հետո:
Թուրքական քաղաքական հալածանքներից արտագաղթած Հայկոյի հետ Եվրոպայում հարցազրույց են ունեցել նիդեռլանդական De Groene Amsterdammer թերթի թղթակիցներ Ռասիտ Էլիբոնը և Թան Թունալին:
Նրանց հեշտ չէր գտնել Հայկոյին: Իրենց տրված հասցեում նրանք հացի փուռ գտան, նրա տակ՝ բնակարան, որը դատարկ էր: Հեռախոսազանգին Հայկոն պատասխանում է. «Մի անհանգստացեք, սովորական անվտանգության պահպանում է: Սուպերմարկետի մոտով իջեք ներքև, խաչմերուկում կհանդիպենք»: 5 րոպե անց նա հայտնվում է` ձեռքին գարեջուր:
Լրագրողների առաջ ոչ թե աստղային գործընկեր էր (միլիոնից ավելի հետևորդներ Թվիթերում), այլ հայր, որը կես տարուց ավելի չի կարողանում զավակին ուղարկել դպրոց: Եվ որդի, որը չի դադարում անհանգստանալ Թուրքիայում մնացած ծնողների համար:
Նա ապրում է քաղաքի ծայրամասում և խուսափում է Բեռլինի այն թաղամասերից, որտեղ թուրքեր են ապրում:
«Այդ փողոցներով անցնելիս՝ ես անընդհատ հետ եմ նայում, բայց անընդհատ տանը նստել էլ չեմ կարող: Ամեն դեպքում, վերջերս ինքնապաշտպանության համար գնել եմ պղպեղային ինքնաձիգ»,-պատմում է Հայկոն:
Նորմալ, բնականոն կյանքի նա շատ է ուզում վերադառնալ, բայց ելք չի գտնում։
«Պետք է այստեղ կարգավորեմ իմ կյանքը, մինչ կրկին սկսեմ պայքարել Էրդողանի դեմ։ Գերմանացիներն ասում են` «Կյանքի օրենքները սովորեք ինչքան հնարավոր է արագ»։ Ո՞վ է դեմ։ Բայց ես անհանգստանում եմ Թուրքիայում ապրող մի ծնողների համար։ Օր չկա, որ այնտեղ իմ ընկերներից մեկին չձերբակալեն կամ չսպառնան։ Այսպիսի ժամանակներում ենք մենք ապրում»,–ասել է նա։
Անկարայի նախկին քաղաքապետը ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ, որպես վիրավորանք, Օզդեմիրի «Կանաչների կուսակցության» Բունդեստագի պատգամավորին անվանեց հայ։ Բայց նա համարժեք պատասխան ստացավ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանից։