Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որն ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի է ժամանել Մանիլա, հիացրել է ֆիլիպինցի կին ձեռնարկատերերին՝ համբուրելով նրանց այտերը: Թրյուդոն ներկայում գտնվում է Ֆիլիպիններում, որտեղ տեղի է ունենում ԱՍԵԱՆ-ի 31-րդ գագաթնաժողովը:
Նոյեմբերի 13-ին Կանադայի վարչապետը հանդիպում է անցկացրել Great Women Project ծրագրի մասնակիցների հետ, որը նպատակամղված է փոքր գործարարության ոլորտում զբաղված կին ձեռնարկիչներին օգնություն ցույց տալուն: Ինչպես հայտնել է տեղի Rappler նորությունների պորտալը, որտեղ հրապարակված է հանդիպման տեսագրությունը, ծրագրի ավարտից հետո հանդիպման մասնակից կանանցից մեկը Կանադայի վարչապետին խնդրել է համբուրել իր այտը, ինչն էլ Թրյուդոն արել է:
Ինչպես գրել է հրատարակությունը, շուտով Կանադայի վարչապետն ստիպված է եղել համբուրելու բոլոր ֆիլիպինցի կին ձեռնարկիչներին, որոնք գտնվում էին սենյակում: Այտին համբույր է «բաժին հասել» նաև մի տղամարդ ձեռնարկատիրոջ, որը նույնպես ներկա է եղել միջոցառմանը: