Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի հետ ուղիղ առնչություն ունեցող «Ֆինլեգալ-Կոնսալտ» ՓԲԸ-ն խախտում է օրենքը: Ընկերության՝ Արշակունյաց պողոտայում գտնվող գրասենյակի մոտ Երևանի քաղաքապետարանը կահավորել է վճարովի ավտոկայանատեղի, այսպես ասած՝ «կարմիր գծեր»:
Ընկերությունը, դատելով համապատասխան ցուցանակի բացակայությունից, չի վճարել ավտոկայանատեղիից օգտվելու դիմաց սահմանված տեղական տուրքը, սակայն «Ֆինլեգալ-Կոնսալտ»-ի աշխատակիցները խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, տարբեր իրեր են տեղադրում կարմիր գծերի տարածքում, ընկերության ղեկավար կազմի համար կայանատեղի ապահովելու նպատակով:
Այսօր առավոտյան փորձեցի ավտոմեքենան կայանել «Ֆինլեգալ-Կոնսալտ» ՓԲԸ -ի հարևանությամբ, սակայն տարածքը «ղեկավարության համար» փակված էր փայտե արկղով և ջեռուցման համակարգի սեկցիայով: Ընկերության աշխատակիցը փորձեց խոչընդոտել` ասելով, որ սա վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի օֆիսի կայանատեղին է: Հետաքրքրվեցի, թե ինչու՞ ցուցանակ չկա այն մասին, որ ընկերությունը վճարել է տեղական տուրքը և այդպիսով կայանատեղին օգտագործելու իրավունք ձեռք բերել: «Երկու օրից քաղաքապետարանից կբերենք ցուցանակը»,- պատասխանեց աշխատակիցը:
Խոսակցությունը վերածվեց վիճաբանության: Հարցին, թե ի՞նչ իրավունքով է փակել ավտոկայանատեղին, «Ֆինլեգալ-Կոնսալտ»-ի աշխատակիցն ասաց. «Փակել եմ, որ ձեր նմանները էստեղ չկանգնեն»:
Նա սպառնաց. «Սա Հայկ Դավթյանի օֆիսն է: Հիմա մեքենայիդ համարները կնկարեմ»: Հայկ Դավթյանի ընկերության գրասենյակի ենթադրյալ պահակը հանեց բջջային հեռախոսը և լուսանկարեց իմ ավտոմեքենայի պետհամարանիշները:
Միջադեպի վերաբերյալ տեղեկացրի Ճանապարհային ոստիկանությանը` տեղեկացնելով, որ «Ֆինլեգալ-Կոնսալտ» ՓԲԸ -ն խախտում է ՃԵ կանոնները: Ավելի ուշ գրասենյակին է մոտեցել ՃՈ հերթապահ ավտոմեքենան և հանձնարարել վերացնել խախտումը՝ փողոցից հեռացնել երթևեկությանը խոչընդոտող նյութերը: Նաև պարզվել է, որ վարչապետի գլխավոր խորհրդականի ընկերությունն իրականում չի վճարել տեղական տուրքը:
Գագիկ Աղբալյան