Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին խիստ հեռու են բարիդրացիական կոչվելուց: Սիրիայում 2015 թվականի նոյեմբերին թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը երկու երկրի հարաբերություններում խորը ճգնաժամի պատճառ դարձավ, իսկ արդեն 2016 թվականի վերջին Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունն ավելի խորացրեց այն:
Թեպետ ներկայում երկու երկրների միջև հարաբերությունները նախորդ ամիսների համեմատ կարգավորվել են, սակայն այդ հարաբերությունները հեռու են բարեկամական կոչվելուց և ավելի շուտ գործընկերային բնույթ ունեն:
Այն, որ թուրքական կողմն ունի Ռուսաստանի կարիքը տարբեր քաղաքական ու տնտեսական հարցերում, վկայում է Էրդողան-Պուտին հանդիպումների ու հեռախոսազրույցների հաճախակիությունը: Նոյեմբերի 13-ին կայացած հանդիպումն արդեն չորրորդն էր ընթացիկ տարում: Այն, որ կողմերն օրակարգային շատ հարցեր ունեին քննարկելու, փաստում է հանդիպման տևողությունը՝ ավելի քան 4 ժամ: Թեպետ հանդիպման ավարտից հետո նախագահները լրագրողներին հայտնեցին, թե այն «շատ արդյունավետ» է անցել, սակայն շատերն ընդգծում էին, որ ղեկավարները լարված տեսք ունեին:
Հանդիպման օրակարգում կարևորագույն հարցերից էր սիրիական հակամարտության կարգավորումը: Թեպետ նախքան Սոչի մեկնելն Էրդողանը, արձագանքելով Պուտին-Թրամփ հայտարարությանը, կոչ էր արել ռուսական և ամերիկյան կողմերին զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից, այդուհանդերձ արդեն Ռուսաստանում նա խուսափեց նման համարձակ հայտարարություններով հանդես գալուց: Երկկողմ հանդիպումից հետո լրագրողների առջև արած հայտարարության մեջ Էրդողանը հայտնեց, որ համաձայնություն է կայացվել՝ կենտրոնանալ սիրիական խնդրի քաղաքական կարգավորման վրա:
Ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններն օրակարգում ընդգրկված հաջորդ հարցն էին: Թուրքիան ակտիվորեն փորձում է վերականգնել ռուսական շուկայում ունեցած այն տեղը, որ հարաբերությունների վատացման հետևանքով զիջել էր այլ երկրների ու ռուսական տեղական արտադրանքին:
Հանդիպման արդյունքներով արված հայտարարության մեջ կողմերը հայտնեցին նաև Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման հարցում գործնական փուլին անցնելու մասին: Պուտինը հայտարարեց, որ ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը մոտ ապագայում կսկսի նախագծի իրագործման գործնական փուլը: Առաջին ռեակտորը նախատեսվում է գործարկել արդեն 2023 թվականին:
Ուշագրավ է, որ նախքան Ռուսաստան մեկնելը Էրդողանը հայտարարել էր, թե ՌԴ ղեկավարի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Սակայն Սոչիում որևէ անդրադարձ ղարաբաղյան հիմնախնդրին այդպես էլ չեղավ: Հաշվի առնելով այն, որ Էրդողանն այդքան հեշտությամբ չէր հրաժարվի ԼՂ խնդրին միջամտելու գայթակղությունից, ստացվում է, որ հարցի քննարկումից հրաժարվել է Վլադիմիր Պուտինը՝ թույլ չտալով Թուրքիային խառնվել հակամարտության կարգավորման գործընթացին:
Պուտին-Էրդողան հանդիպման այլ մանրամասներ այդպես էլ մնացին փակ դռների հետևում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց միայն, որ կողմերը շատ լուրջ հարցեր են քննարկել, որոնց մանրամասները, սակայն, հրապարակման ենթակա չեն:
Այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ Թուրքիան, որը խնդիրներ ունի Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ, որը վերջերս կրկին հրաժարվել էր արտահանձնել Էրդողանի թիվ մեկ թշնամի հռչակված Ֆեթուլլահ Գյուլենին, սկսել է հայացքն ուղղել դեպի Ռուսաստան: Տասնամյակներ շարունակ Եվրամիության դռների մոտ սպասող երկիրն այսօր դիտարկում է տնտեսական ու քաղաքական այլ կառույցների հետ համագործակցելու հեռանկարները՝ ակնկալելով նոր համագործակցության հեռանկարներ:
Արաքս Կասյան