Արամ Սարոյանի հուշերը Վիլիամ Սարոյանի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արամ Սարոյանի հուշերը Վիլիամ Սարոյանի մասին

Երեկ Լյուսին զանգեց և հաղորդեց այն լուրերը, որ հորս բժիշկը՝ դոկտոր Ջիբելյանը հայտնել է Ֆրեզնոյից: Նա մանրամասն զեկուցել էր այդ օրվա հորս վիճակի մասին և ասել, որ երեկ նրան քննելիս նկատել էր, որ դրությունը վատացել է: Բժիշկը հույս չուներ, որ նա երկու ամսից ավել կապրի, կարող է նույնիսկ շաբաթների հարց լինել: Մինչ այդ, բժիշկը քրոջս հավաստիացրել էր, որ նա մեկ տարվա կյանք ունի, մի քիչ ավել, մի քիչ պակաս:

Նա ասել էր, որ հորս լյարդում մեծ ուռուցք կա, որը թույն է արտադրում:

Ես այդ կասկածը ունեցել էի: Ես երեկ Լյուսիին ասացի, որ եթե հիմա հայրիկը, թեկուզ կողմնակի ճանապարհով, թույլ է տալիս, որ մարդիկ իմանան իր հիվանդության մասին՝ այն երկար ժամանակ գաղտնի պահելուց հետո, ուրեմն դա նշանակում է, որ նա գիտակցում է մահվան մոտիկությունը:

Լյուսին այսօր Բեվըրլի Հիլսից քշելու, գնալու է Ֆրեզնո, որպեսզի օգնի նրան ինչով կարող է: Վաղը մենք գնալու ենք ամբողջ ընտանիքով, տեղավորվելու ենք մի պանսիոնատում, և ես իմ որդու՝ Արմենակի հետ, որը չորս տարեկան է, և որին հայրս ամենաքիչն է տեսել, գնալու ենք հորս մոտ: Եվ եթե նա ցանկություն հայտնի տեսնելու Հեյլինին, Ստրոուբերրիին և Կրիմին, ապա կգնանք բոլորով: Գուցե նման այցելությունը նրան շատ հոգնեցնի:

Հեյլինը ասաց, որ ուզում է հիվանդի մոտ լինել ամբողջ ընտանիքով, եթե, անշուշտ, նա փափագի տեսնել մեզ: Հնարավոր է, որ հիվանդի համար ավելի հեշտ լինի նրանց ընդունել հիմա, քան հետագայում:

Ֆրեզնո հասնելուց և հորս տունը գնալուց հետո Լյուսին զանգեց և ասաց.

– Արամ, մոռացի՛ր այս ամենը:

Հետո ես լսում էի նրա հեծկլտոցը: Նա Լոս Անջելեսից քշել-եկել էր Ֆրեզնո՝ հետը բերելով ամբողջ մի զամբյուղ ուտելիք և սրտում՝ ամենալավ ու ջերմ զգացումներ, բայց հայրս վիրավորել էր նրան շատ դաժանորեն և նրան դուրս արել տնից:

Ֆրեզնոյում շատ շոգ էր, քույրս հեռախոսախցիկում կանգնած լաց էր լինում ու խոսում ինձ հետ:

Նա հիվանդի դռանը մոտենալուց առաջ անուշահոտություն էր քսել վրան, որովհետև քրտնել էր ավտոմեքենայում, և հայրս նրան ասել էր, որ այդ հոտը արագացնում է իր մահը:

Լյուսին զամբյուղը թողել էր դռան առաջ և դուրս եկել տնից:

Ես այնքան լավ ծանոթ եմ հորս հոգու այդ սև թույնին, որ այսօր կլանել էր քրոջս: Ինչքա՜ն երկար եմ ես ճանաչել այդ թույները իմ կյանքի սկզբնավորությունից ի վեր, ես նույնիսկ հասկանում եմ պատճառը, այնուամենայնիվ ինձ համար շատ դժվար է ներել նրան:

Հիմա նա մեռնում է: Եվ սա միակ հասկանալի պատճառն է, որ ես վերանայեմ իմ վերաբերմունքը և տեսնեմ նրան, որովհետև նա շնչում է մի լունավոր, անդամալուծող օդ, որը որևէ պահի գուցե կարելի լինի փոխարինել մեր միջև իսկական օդով: Նա մի մարդ էր, որ իր յոթանասուներկու տարիներից վաթսունինն ապրել է այս թույների հետ, այս մեծ մահաթրթիռների հետ, և հիմա ահա նա մեռնում է, բայց այդ թույները դեռևս իր մեջ են և վերջին օրերին գուցե ավելի են ուժեղացել:

– Բայց սա Վիլիամ Սարոյանն է, «Մարդկային կատակերգության» և «Քո կյանքի ժամանակը» գործերի հեղինակը, հայ հիանալի, խենթ բանաստեղծը, կյանքն ու բոլորին սիրող մարդը,- այսպես են խոսում մարդիկ նրա մասին:

Ես էլ Արամ Սարոյանն եմ, նրա երեսունյոթ տարեկան որդին, և ահա, ամնողջ կեսօրից հետո հին, ընդարմացած զգացումը նորից գլուխ է բարձրացրել իմ մեջ, և մինչ մեր այցելության ժամը մոտենում է, դեռևս մինչև Լյուսիի հեռախոսազանգը, աճում է, ուժեղանում: Քրոջս զանգը միայն ավելի գրգռեց այդ զգացումը: Երբ գիտես, որ ոչնչով չես կարող կասեցնել, շրջել նրանից բխող ատելության, դաժանության և հիստերիկ բարկության հոսքը, որի համար ոչ մի առիթ չես տվել, ուզում ես քո մեջ թմրեցնել որդիական ամեն մի զգացմունք:

Ի վերջո, մարդկային կյանքը շա փոքր բան է՝ համեմատած այսպիսի մի բարկության խորությունների հետ: Ես, քույրիկս և մայրս էլ բարկանում ենք, բայց ոչ ոքի վրա բաց չենք թողնում մեր զայրույթը: Դեռևս մենք այնքան խելացի չենք, ինչպես մեր հայրը, եթե մենք զայրանանք, գուցեև չկարողանանք զսպել մեզ և տառացիորեն սպանություն գործենք, բայց հայրս սպանում է հոգեպես, հոգեբանորեն, ինչպես նա դա արեց այսօր Լյուսիին:

Իսկապես նա սարսափելի խելացի մարդ է, ավելի խելացի, քան ամենախելացի իրավաբանը, որից նա զզվում է: Սարսափելի խելացի մարդ, որովհետև,վերջիվերջո, կռվարար մարդը պետք է խելացի լինի, որպեսզի նրան վախկոտի տեղ չդնեն: Նա պետք է իր կռիվներն ընտրի զգուշությամբ, որպեսզի այդ մասին չիմանա այն անձը, որը հավասար մրցակից է և կարող է կռիվը փոխադարձել: Եվ իմ հայրը չափազանց խելացի էր և չափազանց զգույշ:

Նա որպես թիրախ ընտրեց իր կնոջը, որդուն և դստերը:

Ես մի խնդիր ունեմ: Շատ ծանր մի խնդիր, որի հետ չգիտեմ ինչպես վարվեմ: Անցած տարիների ընթացքում ես փորձել եմ տարբեր մոտեցումներ, բայց խնդիրը մնում է խնդիր, ինչպես էլ որ նրան մոտենամ: Հարցն այն է, թե ես ինչպես ասեմ, որ այն ճշմարտության մի կոտորակը չթվա, այլ երևա իր ամբողջ խելացնոր ճշմարտությամբ: Որովհետև այդ ճշմարտությունը իմ էության ամենախորքում է թաքնված:

Անհրաժեշտ կամքը չկա, որ իմ հոգու խորքում ճշմարտությունը ինքնասպանություն գործի: Առկա է միայն ժամանակի դանդաղ սահքը՝ բաղկացած ցերեկային և գիշերային րոպեներից: Եվ հոգին, պարփակված իր երկրային անոթի մեջ, նման է լուսամուտի առջև կանգնած մի երեխայի, որ դուրս է նայում՝ ոչ մի բանի…

Ոչ մի տեղ չնայող երեխա – սա է, ինձ թվում է, այն խորունկ դասը, որ հայրս իր խոսակցական լեզվով և գրություններով, իր գրքերով ուսուցանել է ինձ և ուրիշների, մեզ փոխանցել իր ուժը և իր կյանքի խղճալի կատաղությունը:

Ես խոսում եմ մի մարդու մասին, որի հայրը մահացել է, երբ ինքը երեք տարեկան էլ չկար: Նա այդ ժամանակ մեկուկես տարով փոքր էր իմ որդուց՝ Արմենակից, որին անվանել են իր պապիկի հոր անունով:

Նրա հայրը մահացել է կույր աղիքի պայթյունից, որը տեղի է ունեցել, երբ նա խմել է իր կնոջ՝ Թագուհու կողմից իրեն մատուցված մի բաժակ ջուրը: Կինը գիտեր, որ նրան ջուր չի կարելի, որ դա նրան կարող է սպանել, բայց, ըստ երևույլին, չէր կարողացել դիմադրել նրա թախանձանքներին: Այնպես որ, իր մայրը որոշ առումով սպանել էր հորը:

Արմենակը գեղեցիկ տղամարդ էր, ուներ Հին երկրից բերած մեծ բեղեր և եղնիկի աչքերին նմանվող խոշոր, վեհերոտ աչքեր: Նա Հայաստանում ձեռնադրված քրիստոնյա քարոզիչ էր և այնքան լավ էր տիրապետում անգլերենին, որ շուտով ջերմ բարկամություն հաստատվեց նրա և Նյու Յորքի պատվելի Ուիլյամ Ստոնհիլի միջև: Նրա անունով էլ կոչվեց իմ հայրը, չորս երեխաներից միակը, որ ծնվել էր Ամերիկայում:

Արմենակը շուտով հաստատեց համայնքային իր ծուխը՝ գլխավորելով Նյու Ջըրսիի Պետերսոն քաղաքի հայկական ուղղափառ եկեղեցին: Այս աշխատանքը գտնելուց անմիջապես հետո նա Հին երկրից բերել տվեց կնոջը և երեխաներին:

Բայց Թագուհին չուզեց ապրել Պետերսոնում: Նա ցանկանում էր գնալ Ֆրեզնո, որտեղ բիթլիսցի բազմաթիվ հայեր կային, և որոնք գրում էին, որ Արմենակը այնտեղ կունենա իր համայնքային սեփական ծուխը:

Եվ այսպես , վերջիվերջո, ընտանիքը տեղափոխվեց Ֆրեզնո, որտեղ 1908 թվականի օգոստոսի 31-ին ծնվեց իմ հայրը:

Բայց այդտեղ համայնքային ծուխ չկար կամ գոնե այն չափի, որով Արմենակը կարողանար իր ընտանիքի ապրուստը ապահովել:

Նա մեռնում էր գրեթե ամբողջ մարմնով մեկ տարածված քաղցկեղից, բայց դեռևս բացարձակ շփոթմունքի մեջ էր, հոգեբանական տառապանքի մեջ և, հավանաբար, զգայուն վերաբերմունքի կարիք էր զգում:

Նա ատում էր իր կնոջը, որովհետև գուրգուրանքից զուրկ է մեծացել, նրա զգացմունքային պահանջները չեն բավարարվել: Դա նրան դառնացրել է, սովորել ապրել միայնակ, փակ կյանքով:

Հիմա նա մի ծեր մարդ է, պառկած Ֆրեզնոյի իր առանձնատանը, և մեռնում է քաղցկեղից: Դուստրը եկել է նրան խնամելու, կատարելու իր որդիական սրբազան պարտքը: Գուցե դա նրան տարօրինակ է թվացել, ուստի և չի ընդունել նրան, նրան թվացել է, թե նա շահադիտական նպատակ է հետապնդում և ասել է.

– Դու եկել ես շահագործելու իմ մահը:

akumb.am