ՀՀ Ազգայն վիճակագրական ծառայությունը վերջերս հրապարակեց «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2017» վիճակագրական գրքույկը, որտեղ բավականին հետաքրքիր տվյալներ կան։ Դրանց մի մասին արդեն անդրադարձել ենք (օրինակ՝ Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին կամ Հայաստանի քաղաքաբնակները սկսել են ավելի շատ երեխաներ ունենալ, քան գյուղաբնակները հոդվածները)։
Այս անգամ կներկայացնենք տնտեսապես ոչ ակտիվ բնակչության վերաբերյալ տվյալները։ Իսկ ավելի ճիշտ՝ տնտեսապես ոչ ակտիվների չաշխատելու պատճառները։
Նախ հստակեցնենք, որ ի թիվս անչափահասների, թոշակառուների և այլոց՝ վիճակագրության մեջ տնտեսապես ոչ ակտիվ են համարվում աշխատունակ այն մարդիկ, որոնք չեն աշխատում և աշխատանք էլ չեն փնտրում (փնտրելու դեպքում նրանք կհամարվեին գործազուրկ)։
Ըստ վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016 թվականին տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը եղել է 776 հազար (522 հազար կին, 254 հազար տղամարդ)։
ԱՎԾ-ի հարցումների համաձայն՝ տնտեսապես ոչ ակտիվ բնակիչներից 202 հազարը չեն աշխատում ընտանեկան հանգամանքների պատճառով։
Չաշխատելը սովորող կամ ուսանող լինելու հանգամանքով պայմանավորել են 144 հազար մարդ։ 130 հազարը տնտեսապես ոչ ակտիվ են՝ հիվանդության կամ հաշմանդամության պատճառով։
Տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը՝ ըստ չաշխատելու պատճառների, 2016թ, 1000 մարդ
104 հազար հոգին համալրել են տնտեսապես ոչ ակտիվ բնակչության շարքերը, քանի որ աշխատանք գտնելու հույս չունեն (հուսազուրկներ՝ ԱՎԾ ձևակերպմամբ)։
31 հազարը գտնվում են արտերկրում կամ պատրաստվում են մեկնել, 165 հազարի դեպքում էլ կան ոչ ակտիվության այլ պատճառներ։
Սակայն տնտեսապես ոչ ակտիվ լինելու պատճառները խիստ տարբեր են՝ ըստ սեռերի։
Կանանց դեպքում ոչ ակտիվության հիմնական պատճառը ընտանեկան հանգամանքներն են. 199 հազար կին չի աշխատում այդ ընտանեկան պատճառներով։ Իսկ տղամարդկանց դեպքում ընտանեկան հանգամանքները որոշիչ գործոն չեն. ընդամենը 3 հազարն են, որ չեն աշխատում այդ պատճառով։
Հուսազուրկները կանանց շրջանում ավելի շատ են (73 հազար), քան տղամարդկանց (31 հազար)։
Փոխարենը՝ տղամարդկանց ոչ ակտիվության հարցում արտերկրում գտնվելը կամ մեկնելու պլանները ավելի մեծ դեր են խաղում։
Իսկ ինչպես գա փոխվել այս պատճառները՝ մեկ տարվա կտրվածքով։ Դա հասկանալու համար մենք համադրել ենք այս տարվա զեկույցի տվյալները «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2016»-ի հետ։ Արդյունքները ներկայացված են ստորև բերված գծապատկերում։
Օրինակ արտերկրում մեկնելու/գտնվելու պատճառով չաշխատող տղամարդկանց թիվը 2015 թվականի համեմատ նվազել է 11 հազարով, իսկ կանանց ըիվը՝ աճել 3 հազարով։
Հաշմանդամության և հիվանդության դեպքում պատկերը հակառակն է. այս պատճառով չաշխատող տղամարդկանց թիվն աճել է 3 հազարով, կանանց թիվը նվազել 2 հազարով։ Սովորելու հանգամանքը նույնպես տղամարդկանց ավելի շատ է սկսել խանգարել աշխատելու հարցում։ Մինչդեռ սովորելը աշխատելուն խանգարող հանգամանք նշող կանանց թիվը նվազել է 10 հազար։
Սակայն, թերևս, ամենամտահոգիչը հուսազուրկների տվյալներն են։ Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում աշխատանք գտնելու հույս չունեցող մարդկանց թիվն աճել է 2-ական հազարով։