Վրաստանը՝ թուրքական պրոտեկտորատ. Հայաբնակ Ախալցխան դարձել մարմնավաճառության կենտրոն
Advertisement 1000 x 90

Վրաստանը՝ թուրքական պրոտեկտորատ. Հայաբնակ Ախալցխան դարձել մարմնավաճառության կենտրոն

Ախալցխայի թուրքական սրճարաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ձերբակալված երիտասարդների հարազատները նոյեմբերի 10-ին բողոքի ցույց էին կազմակերպել։

Ակցիայի մասնակիցները հավաքվել էին «Տավառնի» կոչվող կայարանի մոտ՝ նշում էին, որ քաղաքում նման «բարեր» շատ կան, որոնք իրականում հասարակաց տներ են և ժամավճարով ծառայում են մարմնավաճառությանը։ Արդեն երեկոյան տասնյակ ավտոմեքենաներ փողոցներում՝ ի նշան բողոքի, ազդանշաններով շրջում էին։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, Ախալցխայում ձերբակալվել են չորս երիտասարդ: Նրանք մեղադրվում են ոստիկանության աշխատակիցներին չհնազանդվելու, նրանցից երեքը՝ նաև խուլիգանության մեջ՝ «Տավառնի» կայարանի սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով:

Ի դեպ՝ Ախալցխայում խաղատների ու հասարակաց տների առկայության մասին է բարձրաձայնում նաև «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Օրերս այնտեղ գտնվող ընդդիմադիր գործիչներն արձանագրել էին, որ դրանք հիմնականում սպասարկում են Թուրքիայի քաղաքացիներին:

Մեզ հաջողվեց պարզել, որ այս խնդիրը վերջին շրջանում տեղի բնակիչներից շատերի դժգոհությունն է առաջացրել։ Թեպետ միջադեպի մասնակիցների մեջ հայեր, նախնական տեղեկություններով՝ չկան, այդուհանդերձ, նաև տեղի հայ բնակչությունը դժգոհություններ ունի տվյալ տարածքի բարերի գործունեության հետ կապված։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ հնարավոր է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շահագործումից հետո նման կենտրոնների թիվն էլ ավելի շատանա, ինչը հաստատ հայերի շահերից չի բխում:

Տեղեկացանք, որ կոնկրետ նոյեմբերի 9-ին, թուրքական բար են հաճախել անսթափ վիճակում գտնվող 4 երիտասարդ, որոնք վեճի են բռնվել բարի ինչպես վրացի, այնպես էլ թուրք հաճախորդների հետ։ Ծեծկռտուքի ժամանակ Թուրքիայի քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել։ Սկզբում տեղի ոստիկանությունը բերման է ենթարկել երեք երիտասարդի, այնուհետև չորրորդին՝ արդեն ոստիկանական բաժնում, որը եկել էր ոստիկանական բաժանմունք իր ընկերներին աջակցելու համար։

Այս պահի դրությամբ՝ իրավիճակը հանգիստ է, բերման ենթարկվածների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 10-օրյա կալանքը։

arminform.ru