Աշխարհի ամենադաժան էակները երեխաներն են, թեկուզ միայն այն պատճառով, որ շատ արագ են ընդօրինակում շուրջը եղած վարքագծային մոդելները: Եվ եթե գործի են դրվում վարքագծային ուժային մոդելները (ճնշելու, ստորացնելու ու դրանով սեփական արժեքը բարձրացնելու), երեխաներն առաջինն են սկսում ճնշել ու ծաղրել թույլին, իրենց ոչ նմանին, ուրիշին, տարբերվողին: Այդպես նրանք իրենց ինքնագնահատականն են բարձրացնում, քանի որ սեփական անձը կարևորելու այլ ուղիներ չեն տեսնում:
Փորձի պակասը նրանց ավելի համարձակ է դարձնում (չգիտեն, թե ինչ են կորցնելու, բայց գիտեն, թե ինչ են ձեռք բերելու): Օրինակ, հեղինակություն, որի հիմքում պարզագույն ուժային հիերարխիան է:
Երբ մի քանի օր առաջ լուր հրապարակվեց՝ առաջին դասարանցուն բռնության ենթարկելու մասին, ակնհայտ երևաց, թե ինչպես են դպրոցն ու մեդիան ընկալում իրենց դերը՝ ամենախոցելի (դաժանության վիրուսի հանդեպ) երեխաների նկատմամբ:
Եվ այդ տեսանելի դարձած դերը շատ վտանգավոր է ընդհանուր հանրային առողջության համար:
7-ամյա տղայի նկատմամբ կիրառված բռնության վարկածն ու անհայտ հանգամանքներում նրա թարթիչները կտրելու փաստը դպրոցն ու մեդիան ընկալեցին տարբեր կերպ:
Դպրոցի տնօրենի դիրքորոշումը պաշտպանողական էր: Նա մեղադրեց բոլորին, բացի դպրոցից՝ քննարկման նյութ դարձնելով երեխայի ընտանեկան ու առողջական խնդիրները, անգամ՝ ծնողների ամուսնալուծված լինելու ու լարված հարաբերություններ ունենալու փաստը: Հետագայում տնօրենն ասաց, որ դպրոցում թարթիչները կտրելու տեղեկությունը «սուտ» է և «հերյուրանք»:
Հետաքրքիրն այն է, որ խոսքը ոչ թե համադասարանցիների կողմից տղային բռնության ենթարկելն էր կասկածի տակ դրվում, այլ պնդումը, որ թարթիչները կտրելու վայրը դպրոցը չէ:
«Ո՞վ է կտրել 7-ամյա տղայի թարթիչները»,- հարցնում է մեկ այլ լրատվամիջոց: Մոտավորապես այդպիսի հարցականներով հոդվածներն ու մեկնաբանությունները ողողեցին համացանցը, նշվեց, որ տղան ունի վառ երևակայություն, Հունաստանի քաղաքացի է, ու ինքն է կտրել իր թարթիչները, որ հատուկ կարիքներ ունեցող երեխա է և տարբերվում է մյուսներից (ենթադրաբար, «ճիշտ» երեխաներից): Դպրոցի համար այդ երեխան ցանկալի աշակերտ չէր:
Սոցիալական մեծ պատասխանատվություն ունեցող դպրոցը Հայաստանում վաղուց արդեն հեղինակազրկված է:
Եվ գլխավոր պատճառը ոչ թե անմշակ ծրագրերն ու ուսուցչական մարտնչող պահվածքն է, այլ դպրոցի անիմաստությունը, որը երեխաները շատ լավ են զգում:
Նրանք ընտելանում են ձևացնել, որ սովորում են, իսկ դպրոցը ձևացնում է, որ սովորեցնում է: Ծնողներն էլ խորհուրդ են տալիս իրենց երեխաներին՝ շատ չտարբերվել ու ընկալել դպրոցական տարիները որպես պարտադիր գործ (ինչպես զինծառայությունը):
Տարբերվողները միշտ վտանգավոր գոտում են, երբ իշխում է չտարբերվելու չգրված պարտադրանքը: Այս դեպքի հետ կապված անգամ կշտամբանք հնչեց, որ եթե բռնության ենթարկված տղան պատասխաներ (բնականաբար, ուժով), նրան բռնության չէին ենթարկի:
Երբ հանկարծ ի հայտ են գալիս նման էքստրեմալ դեպքեր, որոնք ո՛չ դպրոցը, ո՛չ էլ ծնողները ալևս թաքցնել ու կոծկել չեն կարող, հասարակությունը սթափվելու շանս է ստանում: Այդ շանսը տալիս է մեդիա արձագանքների նպատակային թիրախավորումը:
Կամ էլ ընդհակառակը՝ խլում է այդ շանսը, եթե լրատվամիջոցն ու լրագրողն իրենք չունեն պատկերացում, թե ինչպիսին պիտի լինի հեռանկար ունեցող հասարակությունը:
Եվ խոսքը ոչ թե այս դեպքի բոլոր կողմերի կարծիքը հանրայնացնելն է, այլ նախևառաջ՝ կողմեր որոշելը:
Ի վերջո, հրապարակելով թե՛ հուզված ու վրեժ պահանջող մոր կարծիքը, թե՛ դպրոցի վախեցած ու հարձակվողական մեկնաբանությունը, թե՛ մյուս ծնողների մեղադրական եզրակացությունները, լրատվամիջոցը ոչ թե կարծիքների բազմազանություն է ապահովում, այլ՝ հաստատում է, որ բազմազանություն լինել չի կարող մի հասարակությունում, որտեղ կասկածի տակ է դրվում ընդհանուր գծից տարբերվողի արժանապատվության իրավունքը:
Որ կարելի է ներխուժել ու փորփրել հոգեբանական խորխորատներում, հանել այդ խավարից թաքնված ագրեսիան ու վախերը ու լույս աշխարհ սփռել հանուն՝ անաչառության:
Նունե Հախվերդյան
Ամբողջությամբ՝ media.am