
Կողոպտիչներն ամերիկացի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսի տնից 400 հազար դոլար գումարի փող և թանկարժեք իրեր են հափշտակել: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Փալմ Բիչ Գարդենսի (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ) ոստիկանությանը, որտեղ գտնվում է 37-ամյա մարզուհու տունը:
Նշվում է, որ կոտրանքով գողությունը կատարվել է սեպտեմբերի 1-ից մինչև 5-ն ընկած ժամանամիջոցում, երբ Ուիլյամսը Նյու Յորքում ելույթներ էր ունենում թենիսի գծով ԱՄՆ-ի բաց առաջնությունում (US Open), որտեղ զիջեց կիսաեզրափակիչում: Թենիսիստուհու՝ հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տունը գտնվում է Փալմ Բիչ Գարդենսի (Ֆլորիդայի նահանգ) հեղինակավոր և լավ պահպանվող շրջանում, տան մոտավոր արժեքը կազմում է 2,3 միլիոն դոլար: Ոստիկանությունը չի հայտնել, թե հատկապես ինչ է գողացվել մարզուհու տնից, նաև չի տեղեկացվում գործով ձերբակալվածների մասին:
Վինուս Ուիլյամսը Մեծ սաղավարտի մրցաշարերի յոթնակի հաղթող է, դրանցից հինգ հաղթանակները նա տարել է Ուիմբլդոնում: