Վերջին տարիներին հայուհիները սկսել են ավելի շատ հետաքրքրվել ավանդաբար տղամարդկանց մարզաձև համարվող ֆուտբոլով: Եթե նախկինում հիմնականում տղամարդիկ էին տարվում այս խաղով, իսկ ֆուտբոլասեր աղջիկների հազվադեպ կարելի էր հանդիպել, ապա այսօր աղջիկները տղաներից ոչ պակաս ուշադրությամբ են հետևում ֆուտբոլային հանդիպումներին, ունեն նախընտրած առաջնություններն ու թիմերը: Սակայն նրանցից շատերը հաճախ խոստովանում են, որ ֆուտբոլին հետևում են ոչ այնքան բուն խաղի, որքան հմայիչ ֆուտբոլիստների համար: «3 Միլիոնը» որոշեց աղջիկների շրջանում փոքրիկ հարցում անցկացնել՝ պարզելու համար, թե հայ երկրպագուհիների կարծիքով, ովքե՞ր են տասը ամենահմայիչ ֆուտբոլիստները: Հարցման ընթացքում հաշվի չի առնվել ո՛չ ֆուտբոլիստների ազգությունը, ո՛չ էլ ամուսնացած լինել-չլինելու փաստը:
Այսպիսով, հայուհիների կարծիքով՝ ամենահմայիչ ֆուտբոլիստների տասնյակը բացում է «Միլանի» պաշտպան, իտալացի Ալեսանդրո Նեստան: 32-ամյա ֆուտբոլիստն աշխարհի չեմպիոն դառնալուց հետո հայտարարեց, որ հեռանում է Իտալիայի ազգային հավաքականից: Սակայն դեռ մի քանի տարի Նեստան կմնա հարազատ «Միլանում»՝ ի ուրախություն թիմի միլիոնավոր երկրպագուների: Հիշեցնենք, որ Ալեսանդրո Նեստան ծնվել է Հռոմում: Երկար տարիներ՝ մինչ «Միլան» տեղափոխվելը, նա եղել է Հռոմի «Լացիոյի» ավագն ու առաջատարը: Իսկ ֆուտբոլով Սանդրոն (ինչպես նրան անվանում են մտերիմները) սկսեց զբաղվել, երբ բժիշկը նրան խորհուրդ տվեց սպորտով զբաղվել՝ մեջքի ցավերը բուժելու համար:
Հմայիչ ֆուտբոլիստների ցուցակում իններորդ հորիզոնականը զբաղեցնում է անգլիացիների և այժմ արդեն՝ ամերիկացիների սիրելի Դևիդ Բեքհեմը: Բեքհեմը հայտնի է իր արտաքին գրավչությամբ և հաճախ իրեն ոչ այնքան իբրև ֆուտբոլիստ, որքան իբրև մոդել է դրսևորում: Ի դեպ, ժամանակին, երբ Բեքհեմը հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում», թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյին շատ էր նյարդայնացնում Բեքհեմի սերը տարբեր տեսակի երեկույթների ու միջոցառումների նկատմամբ: Դրա պատճառով ֆուտբոլիստը խնդիրներ ուներ նաև «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Վերջինիս էլ դուր չէր գալիս, որ Բեքհեմի կինը՝ երգչուհի Վիկտորիա Ադամսը, շատ է «խառնվում» ամուսնու գործերին: 2002թ. աշխարհի առաջնության ժամանակ, հեռուստատեսությամբ հետևելով Անգլիայի հավաքականի խաղերից մեկին, Վիկտորիային դուր չէր եկել ամուսնու սանրվածքը և նա անմիջապես վարսահարդար էր ուղարկել նրա մոտ: Այնպես որ, ակնհայտ է, որ Դևիդ Բեքհեմը չափազանց շատ է կարևորում իր արտաքին տեսքը:
Հայուհիները հմայիչ են գտնում նաև «Ռոմայի» երիտասարդ ու իր կռվարար բնավորությամբ հայտնի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսին, ով գտնվում է ութերորդ հորիզոնականում: Այս ֆուտբոլիստի անունն ընդամենը մի քանի տարի է, ինչ շրջանառվում է հայտնի ֆուտբոլիստների ցուցակում: Սակայն նա արդեն հասցրել է տեղ գտնել Իտալիայի ազգային հավաքականում: Հարկ է նշել, սակայն, որ Մեքսեսն ավելի շատ ժամանակ անցկացնում է ֆուտբոլային դաշտից դուրս, քան դրա ներսում, քանի որ գրեթե յուրաքանչյուր խաղում վատ պահվածքի համար հեռացվում է մարզադաշտից:
Ուրախալի է, որ ներկայումս հայուհիները ոչ միայն արտասահմանցի ֆուտբոլիստներին են գնահատում ու սիրում, այլ հենց մեր հայերին: Եվ պատահական չէ, որ ամենահմայիչ ֆուտբոլիստների ցանկում յոթերորդը Ռոբերտ Արզումանյանն է: Հայաստանի հավաքականի պաշտպանը վերջին խաղերի ընթացքում անընդհատ աչքի էր ընկնում, իսկ Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ հանդիպումից հետո դարձավ բոլոր երկրպագուների սիրելին: Թեև պաշտպան է, բայց բարձր հասակի ու գրագետ խաղի շնորհիվ Ռոբերտը հաճախ նաև գոլերի հեղինակ է դառնում: Ու, չնայած այդ ամենին, Ռոբերտը կյանքում համեստ, հմայիչ, դաստիարակված և ամենակարևորը՝ խելացի երիտասարդ է, ինչն էլ չի վրիպել հայուհիների աչքից:
Վեցերորդ հորիզոնականում է «Վալենսիայի» հարձակվող Դավիդ Վիլյան: 27-ամյա այս ֆուտբոլիստը միակն էր, ում հաջողվեց Իսպանիայի ազգային հավաքականից դուրս թողնել իսպանացիների կուռք Ռաուլին և գրավել նրա տեղը: Եվ չնայած «Վալենսիան» ներկայումս այնքան էլ հաջող չի հանդես գալիս, Դավիդ Վիլյան շարունակում է փայլուն խաղ ցուցադրել:
Մեր ցանկի հինգերորդ ամենահմայիչ ֆուտբոլիստը անգլիական «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդն է: Առանց այս ֆուտբոլիստի «Լիվերպուլն» անհնար է պատկերացնել: Դաշտում Ջերարդի միայն առկայությունը կարող է ոգևորել թիմի ֆուտբոլիստներին և երկրպագուներին: Իսկ մարզադաշտից դուրս Ջերարդը քչախոս, լուրջ և հավասարակշռված մարդ է:
Չորրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» երիտասարդ դարպասապահ Իկեր Կասիլիասը: Վերջերս նա աչքի է ընկնում կայուն խաղով, և մասնագետներից շատերը նշում են, որ եթե Կասիլիասը չլիներ «Ռեալի» դարպասապահը, թիմի վիճակն անհամեմատ ավելի ծանր կլիներ: Իկեր Կասիլիասը մարզադաշտից դուրս բավական համեստ է և սիրում է ավելի համեստ կենցաղ վարել: Նույնիսկ ասում են, որ մինչև վերջին տարիները դարպասապահն ավտոբուսով էր գալիս թիմի մարզումներին: Եվ միայն երկրպագուների ուշադրությունից ազատվելու համար է նա ստիպված մեքենա գնել:
Ամենահմայիչ ֆուտբոլիստների եռյակը բացում է ուկրաինացի հարձակվող, «կորած-մոլորած» Անդրեյ Շևչենկոն: «Միլանից» «Չելսի» տեղափոխվելով՝ Շևչենկոն, կարելի է ասել, «թաղեց» իր ֆուտբոլային կարիերան: Երկու տարի է՝ ուկրաինացին ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել անգլիական թիմին ու հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս: Նրան չի օգնում նաև «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ իր մտերմությունը: Հիշեցնենք, որ Շևչենկոն «Միլանից» հեռացավ «Չելսի»՝ իր կնոջ՝ Քրիստիան Պազիկի պնդմամբ: Թերևս ճիշտ է հայտնի ասացվածքը՝ կնոջը լսիր, հակառակն արա: Ի դեպ, Շևչենկոն էլ Բեքհեմի նման երբեմն զբաղվում է մոդելային գործունեությամբ:
Երկրորդ հորիզոնականում «Միլանի» բրազիլացի կիսապաշտպան Կական է: Այս ֆուտբոլիստին գնելով բրազիլական «Սանթոսից»՝ «Միլանի» ղեկավարները չէին էլ պատկերացնում, որ շատ շուտով նա կդառնա թիմի անփոխարինելի խաղացողը: Կակային շատ թիմեր են ցանկանում գնել, իսկ նրանցից ամենահետևողականը Մադրիդի «Ռեալն» է, որը ֆուտբոլիստի համար չափազանց բարձր գին է առաջարկում: Բրազիլացին, սակայն, բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ «Միլանից»: Ի դեպ, Կական ամուսնացած չէ, սակայն իր հարցազրույցներում միշտ նշում է, որ սիրած աղջիկ ունի, ով նույնպես բրազիլուհի է:
Իսկ ամենահմայիչ ֆուտբոլիստը, հայուհիների կարծիքով, «Վալենսիայի» հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսն է: Հենց այս ֆուտբոլիստի անունը տվեցին հարցման մասնակիցների գրեթե կեսը: Մորիենտեսի անունը երկրպագուների շրջանում առավել հայտնի էր այն ժամանակ, երբ վերջինս խաղում էր Մադրիդի «Ռեալում»: Սակայն թիմում Ռոնալդոյի հայտնվելուց հետո Մորիենտեսի գործերը վատացան: Մի քանի թիմեր փոխելուց հետո Մորիենտեսը հաստատվեց «Վալենսիայում», որտեղ հարձակման գծում հիանալի համագործակցում է Դավիդ Վիլյայի հետ: Հիշեցնենք նաև, որ Ֆերնանդո Մորիենտեսն ամուսնացած է և իր հարցազրույցներում հաճախ է շեշտում իր սերը կնոջ հանդեպ: Ամեն դեպքում, դա չի խանգարում հայ երկրպագուհիներին՝ հմայվել Մորիենտեսի արտաքին գրավչությամբ:
Նատաշա Հարությունյան
«3 Միլիոն»