Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ պարենային զամբյուղի արժեքը Հայաստանում 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով կազմում է 31407.8 դրամ, իսկ սպառողական զամբյուղինը՝ 55591.9 դրամ։

Նշենք, որ պարենային զամբյուղը տարբեր տեսակի սննդամթերքի «հավաքածուի» արժեքն է, որով 1 մարդն օրական ստանում է 2 412.1 կկալ էներգիա։ Պարենային զամբյուղի մեջ մտնում են 11 անուն սննդային ապրանքախմբեր։ Զամբյուղի արժեքը հաշվարկվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի։ Ավելի պարզ ասած, պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին։

Իսկ սպառողական զամբյուղը, բացի ուտելիքից, ներառում է նաև այլ ապրանքներ և ծառայություններ, որոնք անհրաժեշտ են մարդուն (հագուստ, կոմունալ ծառայություններ և այլն)։ Սպառողական զամբյուղի արժեքը հաշվվում է՝ պարենային զամբյուղի արժեքը բազմապատկելով 1.77 գործակցով։

Հիշեցնենք, որ 2017 թվականի երկրորդ եռամսյակում պարենային զամբյուղի արժեքը 33871. դրամ էր, սպառողական զամբյուղինը՝ 59792.5 դրամ։ Այսինքն՝ երկրորդ եռամսյակի համեմատ Հայաստանում պարենային և սպառողական զամբյուղներն էժանացել են 7%-ով, կամ, համապատասխանաբար, 2373 և 4200 դրամով։

2-րդ և 3-րդ եռամսյակների զամբյուղների համեմատականը ցույց է տալիս, որ արժեքի նվազումը պայմանավորված է հիմնականում կարտոֆիլի, բանջարեղենի և մրգի գների նվազմամբ։

Սա կարող է պայմանավորված լինել սեզոնայնությամբ։ Իսկ սեզոնայնության գործոնը բացառելու համար կարելի է պարենային և սպառողական զամբյուղները համեմատել 2016 թվականի երրորդ եռամսյակի հետ։

Այդ համեմատականն էլ ցույց է տալիս, որ 2017 թվականի երրորդ եռամսյակում պարենային զամբյուղը թանկացել է 911.6 դրամով, իսկ սպառողական զամբյուղը՝ 1613.7 դրամով։ Տոկոսային արտահայտությամբ՝ մեկ տարվա կտրվածքով պարենային և սպառողական զամբյուղները թանկացել են 3%-ով։

Հիշեցնենք, որ ընդհանուր գնաճը (սպառողական գների ինդեքսը, որը ներառում է 470 անուն ապրանք ծառայություններ) շատ ավելի ցածր է։ Ըստ ԱՎԾ-ի՝ 2017 թվականի սեպտեմբերին՝ 2016 թվականի սեպտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1%-ով, իսկ հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ՝ ընդամենը 0.6%։

Սա նշանակում է, որ ըստ պաշտոնական վիճակագրությանը, որ «յոլա գնալը» ավելի շատ է թանկացել, քան կյանքը՝ ընդհանուր առմամբ։