Նարեկ Պետրոսյան. Քեռիիս` Լևոն Պաչաջյանի հաջողություններն ինձ համար լավ օրինակ էին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նարեկ Պետրոսյան. Քեռիիս` Լևոն Պաչաջյանի հաջողություններն ինձ համար լավ օրինակ էին

«Բանանցի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Նարեկ Պետրոսյանն ընթացիկ մրցաշրջանում բավականին հաճախ է հայտնվում ինչպես թիմի, այպես էլ երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմում:

21-ամյա ֆուտբոլիստն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հիշել է, թե ինչպես է առաջին քայլերն արել «Բանանցում», պատմել է, թե հավաքականի նախկին ֆուտբոլիստներից ով է իրեն ոգեշնչել ֆուտբոլիստ դառնալու հարցում և անդրադրաձել է «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանի հետ ցավալի բախմանը:

– Հայտնի է, որ առաջին քայլերդ ֆուտբոլում կատարել ես «Բանանցում»: Ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիր այստեղ:

– Այն ժամանակ այստեղ մարզիչ էր մայրիկիս քեռին՝ Պավել Պաչաջյանը: Նա երեխաներ էր հավաքում ֆուտբոլային թիմ ձևավորելու համար, ինձ էլ կանչեց ու վեց տարեկանում առաջին քայլերս կատարեցի հենց նրա մոտ:

– Ո՞վ է ամենից շատ ոգեշնչել ֆուտբոլիստի ուղին ընտրելու հարցում:

– Ֆուտբոլի հաճախելով՝ սիրահարվեցի այս մարզաձևին և հեռուստատեսությամբ նույնպես մշտապես խաղեր էի դիտում ու ոգեշնչվում ֆուտբոլային աստղերով: Ինձ դուր էր գալիս Ռոբերտո Կառլոսի, իսկ հետո նաև Մարսելոյի խաղը: Իսկ անմիջական մեծ ազդեցություն ուներ նաև իմ քեռին՝ Լևոն Պաչաջյանը, որի հաջողությունները շատ լավ օրինակ էին ինձ համար:

– «Փյունիկի» հետ գավաթային խաղում (4-2) վտանգավոր դրվագ եղավ, երբ բախվեցիր Ռոբերտ Հակոբյանի հետ: Կարո՞ղ ես հիշել այդ դրվագը:

– Իրոք ցավալի դրվագ էր, ինչի արդյունքում Ռոբերտ Հակոբյանը ծնոտի կոտրվածք ստացավ: Ցատկ կատարելու պահին մրցակցի ֆուտբոլիստն ինձ մեջքով էր և չէի տեսնում նրան: Եթե տեսնեի, չէի գնա այդ գնդակի վրա: Ռոբերտի հետ մենք խաղընկերներ ենք երիտասարդական հավաքականում, լավ հարաբերություններ ունենք և շատ ցավալի էր, որ նա այդ դրվագի պատճառով վնասվածք ստացավ: Այցելել եմ նրան, առողջություն եմ մաղթել և հիմա էլ օգտվելով առիթից ի սրտե մաղթում եմ, որ նա շուտ ապաքինվի և վերադառնա խաղադաշտ: Հետաքրքրվում եմ իր ապաքինման ընթացքով, գիտեմ որ այսօր հանելու են ծնոտի բեկակալը և արդեն կկարողանա խոսել:

– Ինչպիսի՞ն էր քո ինքնազգացողությունն այդ դրվագից հետո:

– Անկեղծ ասած չեմ հիշում, թե ինչ է եղել խաղադաշտում այդ դրվագից հետո: Խաղադաշտում ինձ լավ էի զգում և չեմ էլ մտածել, որպեսզի խնդրեմ ինձ փոխարինեն: Միայն գոլային փոխանցմանս դրվագն եմ հիշում և այն, թե ինչպես էինք միմյանց շնորհավորում գոլի առթիվ: Խաղընկերներս պատմում են, որ խաղից հետո նույնիսկ հարցրել եմ, թե ով է հաղթել և ինչ հաշվով, բայց դա էլ չեմ հիշում: Բախումից հետո, թե ինչ է եղել խաղադաշտում և ինչպես եմ խաղացել, միայն խաղի տեսագրությունը դիտելով եմ տեսել ու հասկացել:

– Վերջերս երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեցիր Սերբիայի և Ռուսաստանի հավաքականների դեմ խաղերին: Ի՞նչ տվեցին այդ հանդիպումները քեզ որպես ֆուտբոլիստի:

– Հավաքականի կազմում ստացած միջազգային փորձը շատ կարևոր է, որը ստացա այդ խաղերի ընթացքում: Նաև թիմային լավ պայքար մղեցինք, սակայն ուժերը չբավականացրեց, քանի որ խաղում էինք ավելի բարձր մակարդակի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների դեմ: Այդ խաղերը տարբերվում էին Հայաստանի առաջնության հանդիպումներից բարդության առումով: Խաղում էինք մեծ նվիրվածությամբ, ամբողջ ուժերը ներդնելով, դրա արդյունքում քիչ գոլեր բաց թողեցինք, սակայն ցավոք դրական արդյունքի հասնել չհաջողվեց:

– Ի՞նչ հույսեր ունես ընտրական այս փուլի հետ կապված:

– Արդեն շատ դժվար կլինի պայքարել բարձր հորիզոնականների համար, քանի որ խաղերում որոնցում կարող էինք միավորներ վաստակել, պարտություններ կրեցինք: Բայց յուրաքանչյուր խաղն էլ հավաքականի կազմում մեծ փորձ է և պետք է առավելագույն նվիրվածությամբ խաղանք մնացած բոլոր հանդիպումներում:

Նարեկ Պետրոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` «Բանանցի» պաշտոնական կայքում:

armsport.am