Ինչպես 1920-ին Եվրոպան ճանաչեց Հայաստանը. Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

Ինչպես 1920-ին Եվրոպան ճանաչեց Հայաստանը. Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի Facebook-յան էջում կարդում ենք.

«1920-ի սկզբից սկսվեց Հայաստանի 1-ին Հանրապեության միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 19-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) դե-ֆակտո և դե-յուրե պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ Հայաստանի գերակայության տակ գտնվող տարածքներում:

Մեր երկրի պետական սահմաններն այդ պահին ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի երկրամասը և Իգդիրի շրջանը) և Կարսի մարզի (ներառյալ Կարս, Սարիղամիշ, Արդահան քաղաքները) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք:

Նշենք նաև, որ բացարձակապես գերակշռող հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախն այդ պահին դե-ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին, և նրանց դե-յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում:

Հայաստանի Հանրապետության պառլամենտը Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհրդի այդ որոշման կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1920-ի հունվարի 25-ին հրավիրեց հանդիսավոր նիստ, որտեղ նախ կարդացվեց Եվրոպական երկրների պաշտոնական ուղերձը՝ ուղղված անկախ Հայաստանի ժողովրդին, որից հետո ելույթ ունեցան պառլամենտի պատգամավորները:

Ներկայացնենք մի հատված Սիմոն Վրացյանի ելույթից, որի դրույթները, կարծում եմ, զարմանալիորեն արդի են այսօրվա համար.

«Մենք հասել ենք վերջին հանգրվանին: Այն, ինչ որ հայ ժողովուրդը ձևակերպել է իբրև անխախտ կամք, սկսում է իրականանալ: Ազատ Հայաստանը այլևս փաստ է ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար:

Այն, ինչ որ հայ աշխատավորությունն իր արյան գնով է նվաճել, ընդունում և հաստատում են նրանք, որոնց ձեռքին է գտնվում ասօր աշխարհի ղեկը և ավելի մեծ սիրով նրանք, որոնց պիտի անցնի վաղը պատմության ղեկավարությունը: Եվ եթե մինչև այժմ մեզնից պահանջվել է հեղափոխական եռանդ և անձնազոհություն, ապա այսուհետև մենք պետք է ցուցահանենք քաղաքական հասունություն ու պետական շինարարության կարողություն:

Կյանքը մեր առջև դնելու է նոր պահաջներ և մեզանից է կախված մեր չափով անկախ Հայաստանի բարիք կամ չարիք դառնալը հայ ժաղովրդի համար:

Ես հավատում եմ, որ անկախ Հայաստանը չի փակվի նեղ պատյանի մեջ և հայ դեմոկրատիան հավասար մեկ անդամը կլինի համաշխարհային ազատ դեմոկրատիայի ընդհանուր ընտանիքում»: