Առնվազն 50 մարդ է զոհվել նոյեմբերի 24-ին Եգիպտոսի Սինա թերակղզու հյուսիսում մզկիթի վրա զինյալների գրոհի հետևանքով: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ հարձակումը կատարվել է Էր Ռաուդա բնակավայրում (Հյուսիսային Սինայի նահանգի մայրաքաղաք Էլ Արիշայից ոչ հեռու) ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ էին: Սպանվածների թվում կան նաև ժամկետային զինծառայողներ:
Ստացված տեղեկատվության համաձայն, ահաբեկիչները, նախ, պայթուցիկ սարք են գործի դրել աղոթողների մեջ, իսկ այնուհետև կրակ բացել նրանց վրա: Երկրի իշխանությունների տվյալներով՝ 75 մարդ է տուժել մզկիթում իրականացված պայթյունից: Այդ մասին, ինչպես հայտնել է Al-Ahram թերթը, նոյեմբերի 24-ին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «պայթյունից տուժել է 75 մարդ»: Նա չի նշել, թե տուժածներից քանիսն են սպանվել ու վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: