Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 8 շենքի պատին փակցվեց հուշատախտակ՝ նվիրված «Արմենպրես»-ի թղթակից, գրող, հրապարակախոս Էդուարդ Զոհրաբյանի հիշատակին։
Հուշատախտակի բացումը կատարեցին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և Էդուարդ Զոհրաբյանի ավագ դուստր Արմինե Զոհրաբյանը։ Քանդակագործ Վարդան Խուրշուդյանը բազալտի վրա փորագրել է «Այս տանն ապրել և ստեղծագործել է գրող, հրապարակախոս Էդուարդ Զոհրաբյանը» բառերը և պատկերել նաև այն լեռները, որ ամեն օր իր պատուհանից տեսնում էր գրող-լրագրողը։
Հանդիսությունը բացեց Գորիսի մշակույթի կենտրոնի մեթոդիստ Նելլի Արզումանյանը։ Նա Էդուարդ Զոհրաբյանին բնութագրեց իբրև քաղաքի նվիրյալի, ով շատ բան է արել հայրենի եզերքը լավագույնս ներկայացնելու համար։ Այսօր նա իրավամբ դասվում է Գորիսի մեծ զավակներ Ակսել Բակունցի, Գարեգին Սևունցի,Սուրեն Այվազյանի, Սերո Խանզադյանի, գուսան Աշոտի և մյուս մեծ գորիսեցիների շարքը։
Տողերիս հեղինակն իր հակիրճ ելույթում խոսեց Էդուարդ Զոհրաբյանի՝ իբրև լավագույն լրագրողի, «Արմենպրես»-ի թղթակցի, ճանաչված հրապարակախոսի և լավագույն ընկերոջ մասին։
Էդուարդ Զոհրաբյանի դուստր Նարինե Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, հատկապես Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին՝ իր հոր հիշատակը հարգելու համար։ Նա նաև ասաց, որ իրենց տան պատին հուշատախտակը փակցնելը համընկել է իր մայրիկի՝ Գորիսում ճանաչված գործիչ Անժելա Բուդաղյանի ծննդյան օրվան, ինչը խորհրդանշական է իրենց ընտանիքի համար։
-Այսօր ես շատ հուզված եմ և հպարտ, որ մեր շենքի պատին փակցվել է հայրիկիս հիշատակին նվիրված հուշատախտակը,- «Արմենպրես»-ի թղթակցին ասաց Էդուարդ Զոհրաբյանի ավագ դուստր, Երևանի 2-րդ բուժմիավորման պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Արմինե Զոհրաբյանը:- Սա, իհարկե, հայրիկիս նկատմամբ գորիսեցիների սիրո և հարգանքի արգասիքն է։ Այդ սերը փոխադարձ է եղել։ Նա նվիրված էր իր քաղաքին ու նրա բնակիչներին։ Շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառումը նախաձեռնողներին, կազմակերպիչներին, քաղաքապետարանին, մարզպետարանին, հատկապես մեր մարզպետ Վահե Հակոբյանին և քաղաքապետ Առուշ Առուշանյանին։
Գորիսում նշվում էր ավանդական «Ոսկե աշուն» տոնը։ Քաղաքում ամենուր հնչում էր երաժշտությունը, Մաշտոցի փողոցի ողջ երկայնքով յուրաքանչյուր տան առջև հյուրասիրություն էր կազմակերպված, իսկ երեկոյան քաղաքի գլխավոր հրապարակում կայացավ մեծ համերգ։ Հրապարակում տեղադրված էին Գորիսի տարածաշրջանի բոլոր գյուղերի տաղավարները։ Այստեղ կարելի էր համտեսել զանազան զանգեզուրյան ուտեստներ, խմիչքներ, չրեր։
…Այդ օրը բացվեց նաև Սերո Խանզադյանի հուշատախտակը։ Հուշատախտակը բացելու պատիվը տրվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին: Գորիսում գործում է Սերո Խանզադյանի տուն-թանգարանը, իսկ հուշատախտակը փակցվեց նրա պապի տան վրա, որտեղ երեխա ժամանակ ապրել է մեծ գրողը:
Լևոն Ազրոյան