Վանաձորում հայտնի 72-ամյա խաչքարագործ Սերգեյ Դանիելյանը 50 տարում ավելի քան 550 խաչքար է ստեղծել: Դրանցից 120-ը տեղադրվել են 14 երկրում, իսկ մնացածը՝ Հայաստանի տարբեր վայրերում:
Դանիելյանը խաչքարագործություն է սովորեցրել ավելի քան 40 աշակերտի, ովքեր իրենց հերթին քանդակագործության գաղտնիքները հիմա փոխանցում են իրենց սաներին:
«Երիտասարդների շրջանում խաչքարագործության հանդեպ մեծ հետաքրքրություն եմ տեսնում: Ես շնորհակալ եմ, որ իմ աշակերտները և ժողովուրդը գնահատում են իմ աշխատանքը: Իմ աշակերտները «Վարպետաց վարպետ» մեդալ են պատրաստել և նվիրել ինձ: Ես տարբեր երկրներում բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր եմ ստացել, իսկ 2014 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացել եմ «Երախտագիտության մեդալի»,– նշեց Վարպետը: Արցախյան պատերազմի դժվարին տարիներին Դանիելյանը խաչքարեր էր ուղարկում Հայաստանին մարդասիրական օգնություն ցույց տվող երկրներին՝ որպես երախտագիտության նշան:
«1991 թվականին Գերմանիայից մարդասիրական օգնություն էին ուղարկել: Ընկերս ինձ հարցրեց, թե ինչ կարող ենք նրանց նվիրել որպես երախտագիտության նշան: Ես մի գեղեցիկ խաչքար քանդակեցի, իսկ հետևի մասում փորագրեցի «Երախտապարտ հայ ժողովրդի կողմից»: Խաչքարը մեծ դժվարությամբ հասցրեցինք Գերմանիա` մենք չգիտեինք, որ պետք է փաստաթուղթ ունենալ սահմանը անցնելու համար. մտածեցինք նվեր ենք տանում` կթողնեն անցնել: Ուժգորոդ քաղաքի անցակետում մեզ չթույլատրեցին խաչքարը անցկացնել: Անցակետի ռուս աշխատողը խորհուրդ տվեց Ուժգորոդի թանգարանից փաստաթուղթ վերցնել: Մենք վերցրեցինք այդ փաստաթուղթը, ինչից հետո թույլ տվեցին անցնել սահմանը: Դա իմ առաջին խաչքարն էր, որ տարել էի արտասահման: Դրանից հետո արդեն գիտեի, թե ինչպես կարող ենք անցկացնել խաչքարերը»,– հիշում է Դանիելյանը:
Վարպետի քանդակած խաչքարերը տեղադրված են եկեղեցիների բակերում, սրբավայրերում, հրապարակներում:
«Աշխատում եմ սև տուֆով, կարմիր տուֆով, գրանիտով, մարմարով, բայց ամենահոգեհարազատը ինձ համար տուֆն է: Եթե խաչքարն իր նախշերով բարդ է լինում՝ իմ աշխատանքը տևում է մեկ-երկու ամիս»,- ասաց Վարպետը:
Վարպետն իր գործերից ամենաշատը սիրում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրած խաչքարը: Այն տեղադրվել է Վանաձորի եկեղեցու բակում: «Քարի այս տեսակը հազվադեպ է հանդիպում, քանզի մի մասը սև է, մի մասը՝ կարմիր: Քարի ճաքը խորհրդանշում է երկրաշարժը: Խաչքարի վրա փորագրված է «Ի հատուցումն աշխարհի մեղաց՝ Տեր, մեզ ընտրեցիր որպես քավություն»:
«Խաչքարներում հաճախ եմ պատկերում հավերժության նշանը: Հայկական խաչքարներում երեք տեսակի զարդապատկեր են օգտագործվում` կենդանական, բուսական և երկրաչափական: Խաչքարներ ունեմ, որոնցում երեք տեսակի զարդապատկերներն էլ քանդակել եմ: Ես ունեմ իմ ձեռագիրը` ճանաչող մարդը միանգամից կհասկանա, որ ես եմ քանդակել»,– ասաց Վարպետը:
Ինչպես Դանիելյանը որոշեց դառնալ խաչքարագործ: «Պապիս հայրը, պապս, հայրս Էրզրումում քանդակագործ վարպետներ են եղել: Այնուհետև տեղափոխվել ենք Ղարաքիլիսա: Այդ հմտությունը ինձ փոխանցվել է ժառանգաբար: Գեղարվեստի դպրոցը գերազանց եմ ավարտել, իսկ Երևանի տեխնիկումի առաջին կուրսից փախել եմ, Երևանում չկարողացա մնալ»:
Վարպետին առաջարկել են Հունաստան, Ֆրանսիա տեղափոխվել, սակայն նա մերժել է այդ առաջարկները:
«Եթե ինձ ասեն՝ Նյու Յորքում տասը միլիոն փող ունես, պետք է գնաս ապրես, չեմ գնա: Ես սիրում եմ իմ երկիրը, իմ քաղաքը, իմ փողոցը, ուրիշ տեղ չեմ կարող ապրել: 50 տարի աշխատում եմ այս արհեստանոցում և շարունակելու եմ աշխատել»,- եզրափակեց Վարպետը: