Ռուբեն Շուխյանի Facebook-յան հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել.
«Երևանի ավագանու նիստում այսօր քվեարկության դրվեց և մերժվեց դեռևս խորհրդային տարիներից մեզ ժառանգություն մնացած և բոլշևիկների անունները կրող փողոցները վերանվանելու վերաբերյալ «Ելք» խմբակցության առաջարկը: Այդ թվում նաև առաջարկվում էր Ապրիլյան հերոսների անվամբ անվանակոչել Շենգավիթի շրջանի Ֆրունզեի փողոցը:
Շատերը չգիտեն` ո՞վ էր և ի՞նչ էր իրենից ներկայացնում ազգությամբ մոլդովացի բոլշևիկյան այդ հակահերոսը՝ Միխայիլ Ֆրունզեն: Զինվորական ֆելդշերի ընտանիքից սերող և Ղրղզստանում ծնված Ֆրունզեն` սովորական քրեական հանցագործի կենսագրություն ուներ մինչև 1917-ի վերջը, երբ նա իր տեղը գտավ որպես Լենինի հավատարիմ զինակից` մեծ ներդրում ունենալով Մոսկվայում բոլշևիկյան հեղաշրջում կազմակերպելու գործում: Որից հետո որպես Կարմիր բանակի հրամանատար նա ակտիվորեն մասնակցում էր 1917-20 թթ. Ռուսաստանում ընթացող քաղաքացիական արյունալի կռիվներին՝ այդ անիմաստ եղբայրասպան պատերազմին զոհ գնացին մի քանի միլիոն ռուսաստանցիներ:
1921-22 թթ. Լենինը Ֆրունզեին գործուղում է Անկարա՝ որտեղ նա դառնում է բոլշևիկների կողմից մեծ աջակցություն ստացող Քեմալ Աթաթուրքի ռազմական փորձագետը: Այստեղ արդեն Ֆրունզեն զգալի ներդրում ունեցավ՝ թուրք-հունական պատերազմում քեմալիստների զորքերի ընդհանուր հաղթանակում: Քեմալ Աթաթուրքը հատուկ հեռագրով անձամբ է շնորհակալություն հայտնում Լենինին՝ Ֆրունզեին Թուրքիա գործուղելու համար և նշում, որ առանց Ֆրունզեի իրենց՝ թուրքերի հաղթանակը չէր կայանա: Այդ ամենից հետո, որպես երախտիքի նշան, Ֆրունզեի արձանը՝ Քեմալ Աթաթուրքի և Կլիմենտ Վորոշիլովի արձանների հետ միասին կանգնեցվում է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:
Միխայիլ Ֆրունզեն մահացավ 1925-ին կասկածելի հանգամանքներում՝ ստամոքսի խոցի վիրահատության ժամանակ: Փաստերը վկայում են, որ դա Ստալինի կողմից կազմակերպված հերթական դավադրությունն էր, որի ընթացքում նա փորձում էր ազատվել Լենինի հավատարիմ կադրերից»: