Երթուղային եմ նստել։ Գազելի դուռը մեջընդմեջ լռվում է։ Նստող- իջնող ներսից-դրսից մեկմեկու օգնում են։ Երբեմն-երբեմն գործն առանց գլխավոր խորհրդատուի՝ վարորդի գլուխ չի գալիս․
-Լավ քաշի։
-Քաշում եմ, էլ ո՞նց անեմ։
-Աջով, միայն աջով։
-Բայց ես ձախլիկ եմ։
Մի ձեռքով, մի․․․
-Իբր երկուսով լինում է, հիմա՝ մեկով։
-Տնաշեն, ոնց որ հաց կերած չլինես։ Մեկնումեկդ օգնեք։
Վերջին նստարանից երիտասարդի ձայն․
-Թողեք ընկերս բացի․ սպորտի վարպետ է։
Փականը տեղի տվեց, լարվածությունն անցավ։
Մի տարեց կին․
-Երևում է, էս մարշրուտկեն շուտ-շուտ է նստում։
Դարձյալ ընկերը․
-Հատուկ է նստում, որոշել է մի տարուց բազկամարտի չեմպիոն դառնալ։
Կոմիտասի շուկայի մոտ տղաներն առաջացան, որ իջնեն։
Նույն կինը՝ անթաքույց ափսոսանքով․
-Գնու՞մ եք, Մերգելյան ինստիտուտն իմ կանգառն է։
Թեթևախոս ընկերը․
-Տատ, հանգիստ մնա, մենք տաքսիով հետևներիցդ կհասնենք։