Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար, քանզի նշում ենք մեր Եկեղեցու հիմնադիր առաքյալների՝ Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնը, որն ամենքիս հոգիներն ու սրտերը լցնում է առ Աստված հույսով, հավատով և սիրով:
Մեր Եկեղեցու պաշտոնական անվանման մեջ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ բառը ոչ միայն ընդգծում է Հայոց Եկեղեցու հիմնադրումը Տիրոջ առաքյալների կողմից, այլ նաև հաստատում, որ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ կրողն է այն ՈՒՂՂԱՓԱՌ ՀԱՎԱՏՔԻ, որն առաքյալները, Հիսուսից ստանալով, փոխանցեցին իրենց հիմնադրած Եկեղեցիներին: Սրանով ենք մենք տարբերվում մյուսներից, որովհետև մեր ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ հիմնադրվել է ոչ թե ինչ-որ ռասելների կամ սմիթների կողմից, այլ ՀԻՍՈՒՍԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ:
Եվ այստեղ պարծենկոտությունը չէ, որ խոսում է մեր մեջ, այլ պատմական փաստի վկայակոչումը և վավերագրումը դարերի ընթացքում:
Ուստի ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ, լինելով Ընդհանրական Եկեղեցու անբաժանելի մի մասը, կրողն ու պահպանողն է ՈՒՂՂԱԴԱՎԱՆՈՒԹՅԱՆ: Իսկ ՈՒՂՂԱՓԱՌ ՀԱՎԱՏՔԻ ԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ շատ կարևոր է մարդու փրկության համար: Թող առաջին լուսավորիչ և հիմնադիր առաքյալները միշտ բարեխոս լինեն բոլորիս համար: