Ինչպես է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումն ազդում մարդու կյանքի վրա
Advertisement 1000 x 90

Ինչպես է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումն ազդում մարդու կյանքի վրա

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ (ՕԿԽ) մարդիկ, հատկապես նրանք, ում ախտորոշումը կատարվել է մինչև 18 տարեկանը, ավելի վատ են հաղթահարում դպրոցական թեստերը, իսկ հետագայում հազվադեպ են բարձրագույն կրթություն ստանում, քան նրանց առողջ հասակակիցները: Նման եզրակացության են հանգել Karolinska Institute-ի (Շվեդիա) հետազոտողները:

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը (կամ սևեռուն վիճակների նևրոզ) բնութագրվում է ճնշող և տագնապալի մտքերի (օբսեսիաների) առաջացմամբ և դրանցից ազատվելու փորձերով սևեռուն գործողությունների (կոմպուլսիաների) միջոցով, օրինակ՝ ձեռքերը հաճախ լվանալու: ՕԿԽ-ով տառապում է աշխարհի բնակչության միջինը մոտ 2 տոկոսը՝ 40 մեծահասակից գրեթե մեկը: Սա զգալիորեն գերազանցում է հոգեկան այլ խանգարումների դեպքերի հաճախականությունը՝ ներառյալ շիզոֆրենիան և երկբևեռ խանգարումը:

«ՕԿԽ-ն հաճախ մանկական կամ դեռահաս տարիքում է սկսվում և կարող է քրոնիկական վիճակ դառնալ: ՕԿԽ-ով մարդիկ սովորաբար բախվում են ակամայից առաջացող շատ բացասական մտքերի հետ և իրենց պարտավորված են զգում օրական մի քանի ժամ կատարելու ծիսական գործողություններ, որը կարող է էապես ազդել ինչ-որ բանի, այդ թվում՝ կրթության վրա կենտրոնանալու նրանց ունակության վրա»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Անա Պերես-Վիջիլը:

Օրինակ՝ երեխաները և դեռահասները, որոնք վախենում են «կեղտոտվել» կամ հիվանդանալ «վտանգավոր մանրէների» պատճառով, ստիպված են  նորից ու նորից լվանալ ձեռքերը, ինչը նրանցից բավականին շատ ժամանակ, ուշադրություն և ուժեր է խլում: ՕԿԽ դեպքում վարքի մեկ այլ օրինակ է իռացիոնալ վախը և կատարած յուրաքանչյուր գործողության «ճիշտ լինելը» ստուգելու պահանջը: Խանգարումը կարող է ընդունել նաև սևեռուն սնահավատության և անբացատրելի «արգելքների» ձև, որոնք նույնիսկ իրենց հիվանդների կողմից որպես անհեթեթություն են ընկալվում, բայց, այդուհանդերձ, նրանց «թույլ չեն տալիս» որևէ գործողություն կատարել:

Հետազոտության շրջանակում  գիտնականները վերլուծել են ավելի քան 2 մլն մարդու տվյալները, որոնցից 15 հազարի մոտ ՕԿԽ է ախտորոշվել: ՕԿԽ-ով հիվանդների 81 տոկոսի մոտ եղել են նաև հոգեկան այլ խանգարումներ, իսկ ՕԿԽ-ով չտառապող մարդկանց խմբում այլ հոգեկան հիանդություններ է ունեցել միայն 13,6 տոկոսը: Դրանից բացի, մասնագետները համեմատել են գրեթե 700 հազար ընտանիքներից եղբայրների և քույրերի զույգերին:

Բոլոր տվյալները վերլուծելով՝ գիտնականները եզրակացրել են, որ ՕԿԽ-ով երեխաները և դեռահասները՝

  • 40-65 տոկոսով հազվադեպ են ստացել հիմնական ընդհանուր կրթություն
  • 39 տոկոսով հազվադեպ են հաճախել միջնակարգ դպրոցի բարձր դասարաններ
  • 53 տոկոսով հազվադեպ են ընդունվել միջին մասնագիտական կրթական հաստատություններ
  • 57 տոկոսով հազվադեպ են ստացել միջնակարգ ընդհանուր կրթություն
  • 28 տոկոսով հազվադեպ են ընդունվել համալսարան և 41 տոկոսով հազվադեպ են այն ավարտել
  • 48 տոկոսով հազվադեպ են ստացել հետբուհական կրթություն

Այս տվյալները նշանակում են, որ ՕԿԽ-ով երեխաները և դեռահասները հաճախ զրկված են լավ կրթությամբ նորմալ ապագայից և բարձր վարձատրվող աշխատանքից, չնայած նույնիսկ մտավոր ոչ այնքան էլ վատ  ընդունակություններին: Փորձագետների կարծիքով՝ ՕԿԽ հանդեպ, որպես լուրջ պաթոլոգիայի, անբավարար ուշադրությունը այսպիսի հիվանդությամբ մարդկանց դնում է անհավասար պայմաններում հասարակության այլ անդամների համեմատությամբ: Գիտնականների կարծիքով՝ այս խնդիրն, այնուամենայնիվ, կարելի է շտկել ՕԿԽ վաղ ախտորոշմամբ և այն փոխհատուցելով, այդ թվում՝ դեղորայքային միջոցներով:

med.news.am