Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց երաշխիքները, որ Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրները կիրագործեն միության Մաքսային օրենսգիրքը և իրենց ներքին օրենսդրությամբ դրան հակասող քայլերի չեն գնա: Ազգային ժողովում ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի քննարկման ընթացքում, պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ երաշխիքները իրավական հարթությունում խաղի այն կանոններն են, որոնք հստակ սահմանված են Մաքսային օրենսգրքում, ինչպես նաև միության անդամ երկրների մաքսային մարմինների փոխհարաբերությունները իրավական հարթությունում:
«Այսինքն, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ որևէ երկրի մաքսային մարմինը տեսնում է, որ իր տնտեսավարողը խնդիր ունի մեկ այլ երկրում, ապա պետք է շատ արագ արձագանքի այդ ամենին և այդ խնդիրները պետք է հարթվեն փոխադարձ փոխգործակցության շրջանակներում: Սուբյեկտիվ դրսևորումներ էլ միշտ էլ կարող են լինել»,- ընդգծեց Միրումյանը:
Նրա խոսքով՝ երաշխիքները իրավական նորմերն են, որոնք պետք է լինեն իմպերատիվ և հստակ, ինչպես նաև մաքսային մարմինների փոխգործակցության սկզբունքներն են, որոնք փոխադարձության սկզբունքով բոլոր անդամակցող երկրները պարտավորվել են իրականացնել իրենց վարչարարության իրականացման գործընթացում: