Ռուսաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ներկայացուցիչները մեղադրում են Չերքիզյան շուկայի նախկին ղեկավար Թելման Իսմաիլովին սպանության կազմակերպության և զենքի անօրինական շրջանառության մեջ:
«Քննության տվյալներով, Թելման Իսմաիլովը անցյալ տարի կատարված երկու ձեռնարկատերերի՝ Վլադիմիր Սավկինի ու Յուրի Բրիլյովի, սպանության կազմակերպիչն է: Հանցագործության կատարման ծրագիրը նա մշակել է իր եղբայրներ Ռաֆիկ ու Վագիֆ Իսմաիլովների հետ համատեղ», – ըստ life.ru-ի, նշում է Քննչական կոմիտեն:
Քննության վարկածի համաձայն, հանցագործությունը կատարել է Մեհման Քերիմովը: Անցյալ տարվա մայիսին մարդասպանը ատրճանակով կրակել էր իր զոհերի վրա, գործարարները ստացած վնասվածքներից մահացել էին:
«Ռաֆիկ Իսմաիլովը, համաձայն եղբայրների հետ ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության, Քերիմովին վերցրել էր հանցագործության վայրից, որից հետո հանցակիցները նրան օգնել էին թաքնվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այժմ կալանքի տակ են Ռաֆիկ Իսմաիլովն ու Մեհման Քերիմովը, Թելման Իսմաիլովը, ինչպես հաղորդվել է, քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայից: