Կանադական montrealgazette-ն անդրադարձել է Կանադայի Մոնրեալ քաղաքի Սուրբ Հակոբ հայկական վարժարանի վեց աշակերտների արարքին, որով վերջիններս աջակցություն են ցուցաբերել քաղցկեղով հիվանդներին: Վեց հայ աշակերտ ցանկություն է հայտնել սափրել գլուխը եւ մազերը տրամադրել քաղցկեղով հիվանդ այն մարդակնց, որոնց աջակցում է Cedars Cancer Foundation-ը: Հիվանդության պատճառով իրենց մազերը կորցրած երեխաների համար հայ աշակերտների մազերով կեղծամներ կպատրաստվեն:
Կայքը հատուկ անդրադարձել է վեց աշակերտներից երկուսին, որոնք Կանադա են հասել սիրիական պատերազմի հետեւանքով. Մկրտիչ Տերտերյանն ու նրա ընկերը՝ Արթուր Գայապալյանը առանձնակի ոգեւորություն են ցուցաբերել ծանր հիցանդների աջակցության համար իրենց մազերի միջոցով միջոցներ հայթայթելու ձեռնարկի ժամանակ՝ հիշելով աջակցության կարիք ունեցող իրենց հազարավոր հայրենակիցներին:
Լրատվամիջոցը նշում է, որ երեք տարի առաջ Մկրտիչը դպրոց էր հաճախում Հալեպում, որտեղ հրթիռակոծության պատճառով ընդհատվել են դասերը: Նրա ընկերը՝ Արթուրը, Կանադա է գնացել ավելի վաղ՝ 2012 թվականին: Սիրիայի պատերազմից առաջ ընտանիքի հետ Հայաստանում էին, երբ սկսեց պատերազմը, ազգականները լուր ուղարկեցին, որ ետ չգնան Հալեպ: Ընտանիքը որոշ ժամանակ մնաց Հայաստանում, հետո՝ Լիբանանում, իսկ այսօր արդեն Կանադայում է:
Լրատվամիջոցը նշել է նաեւ, որ Կանադան այն երկրներից էր, որ սիրիական պատերազմից հետո կազմակերպված ձեւով ապաստան է տրամադրել սիրիացի փախստականներին, որոնց մեջ բազմաթիվ հայ ընտանիքներ կան: Շատ են նաեւ Սուրբ Հակոբ դպրոցում սովորող սիրիահայերը: Նրանց թիվն այս կրթօջախում մոտ 100-ն է: Նշված ձեռնարկի շրջանակներում իր մազերն է կտրել նաեւ սիրիահայ մի աղջնակ՝ Սիլվիա անունով: