2018թ–ին կենսաթոշակները Հայաստանում բարձրացնելը դժվար է, այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նույնիսկ 1000 դրամով կենսաթոշակի բարձրացումը բյուջեի համար կարժենա 5 միլիարդ դրամ։ Այստեղ ցանկությունները չեն համընկնում հնարավորությունների հետ, հավելեց նախարարը։
«Այլ հարց է, որ մենք փորձում ենք խթանել զբաղվածությունը, բնակչության մոտ եկամուտներ ստեղծել, որպեսզի հետո վերաբաշխենք դրանք կարիքավորների շրջանում», – նշեց նա։
2018թ–ին Հայաստանում նվազագույն աշխատավարձը (55 հազար դրամ) և միջին կենսաթոշակը (41 հազար դրամ) չեն բարձրանա։ Կենսաթոշակը նույնն է մնում արդեն երրորդ տարին (2015թ–ից)։ Միևնույն ժամանակ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2017թ–ի առաջին կիսամյակում նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է շուրջ 51,2 հազար դրամ։ Այսինքն` միջին կենսաթոշակառուին բաժին է ընկնում ապրուստի համար անհրաժեշտ նվազագույնի միայն 75 տոկոսը։
Նվազագույն զամբյուղի մասին տվյալները ոչ պաշտոնական են, և կառավարությունը պարտավոր չէ առաջնորդվել դրանցով իր սոցիալական քաղաքականությունում։