«71 հայկու» խորագրով գրքի նպատակը Հայաստանում, Ճապոնիայում, նաև ողջ աշխարհում խաղաղության տարածումն է: Գիրքը նվիրված է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարելիցին:
Դեկտեմբերի 6-ին գրքի շնորհանդեսին այս մասին ասաց գրքի հրատարակման նախաձեռնության հեղինակ «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:
«Գրքի ստեղծման գաղափարն ինքնաբերաբար է առաջացել: 2016-ին, երբ նշում էինք Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծման 71-ամյակը, հյուրեր ունեինք Ճապոնիայից: Մենք գրել էինք հայկուներ, հյուրերը ևս միացան մեզ և համպատրաստից հայկուներ հորինեցին: Եվ ինձ մոտ գաղափար առաջացավ՝ հավաքել բոլոր հայկուներն ու զետեղել մեկ գրքում»,- ասաց կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:
Գրքի նպատակը խաղաղության տարածումն է: «Խաղաղության համար պետք է որևէ բան անել, տարածել այն: Մենք փորձել ենք գիրք հրատարակել»,- նշեց Փիլիպոսյանը: Գրքում ներառված են 6-78 տարեկան 36 հայ և 35 ճապոնացիների՝ խաղաղության մասին եռատողեր՝ նվիրված Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծության և Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հայկուներից մի քանիսի հեղինակն էլ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին է:
«Շատ շնորհակալ եմ այս գրքի համար: Դրանում ներառված բոլոր հայկուները խաղաղության պաշտպան են: Նպատակը Հայաստանում, Ճապոնիայում նաև ողջ աշխարհում խաղաղության տարածումն է»,- ասաց դեսպանն ու հույս հայտնեց, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերություններն ավելի կզարգանան: