Շոտլանդիայի Նորտ-Լանարկշիրից 54-ամյա Ջեյմս Հյուզը գաղտնի լուսանկարում էր աշակերտուհիներին աշակերտական նստարանի տակ, երբ նրանք մնում էին իր մոտ լրացուցիչ պարապմունքների համար: Ոստիկանություն դիմել է դպրոցական աղջիկներից մեկը՝ նա մտել է ուսուցչի հեռախոսի մեջ և հայտնաբերել այնտեղ անպարկեշտ լուսանկարներ:
Ըստ Daily Mail-ի, լրացուցիչ պարապմունքների ժամանակ գրականության ուսուցիչը պարտադրում էր աղջիկներին նստել՝ ոտքերը բարձրացրած կամ լայնորեն բացած: Ընդ որում, Ջեյմս Հյուզը հեռախոսով կամ այփադով գաղտնի լուսանկարում էր: Լուսանկարները հայտնաբերել է մանկապիղծի զոհերից մեկը, ով մտել էր Հյուզի կողմից սեղանին թողնված պլանշետի մեջ:
Դպրոցում և ուսուցչի տանը խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են 8-16 տարեկան աղջիկների 260 լուսանկար և 79 տեսաձայնագրություն: Հյուզն ընդունել է վուայերիզմի մեղադրանքը, և դատարանը նրան դատապարտել է 18 ամսվա բանտարկության: Շոտլանդիայի օրենքների համաձայն, տղամարդը 10-ը տարով կներառվի սեքսուալ հանցագործների ռեեստրի մեջ:
Ջեյմս Հյուզի փաստաբանը գոհ է դատավճռից, նա նշել է, որ դատարանի որոշումը կոտրել է իր պաշտպանյալի կարիերան: Իսկ զոհերի ծնողները կտրականապես համաձայն չեն այդքան մեղմ դատավճռի հետ:
«Դա ուղղակի ծիծաղելի է, իմ դուստրը գիշերները չի կարողանում քնել այն պատճառով, ինչ նա արել է, և նա պետք է նստի միայն 18 ամիս: Շուտով մենք կունենանք փողոցներում ազատորեն թափառող ևս մեկ այլասերված»,- ասում է զոհերից մեկի մայրը: