«Ժամանակին ՄԱԿ-ի պատվերով ուսումնասիրություն էինք կատարել, ու ինքներս էլ զարմացել էինք, թե ջրի մակարդակի բարձրացման հետ լիճն ինչպե՞ս էր կարողացել ինքնամաքրման գործընթացն ակտիվացնել: Ցավոք, այս տարի ոչ միայն մակարդակը չբարձրացավ, այլև այսօրվա տվյալներով 5սմ-ի կորուստ ունենք՝ անցած տարվա հետ համեմատ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Asekose.am-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ կարծիքի է Սևանից, Եղեգիսից ջուր գողանալու հայտարարությունների մասին, Կարինե Դանիելյանը պատասխանեց.
«Եղեգիսի հետ կապված անընդհատ վեճ է գնում: Եթե լսենք ՀԷԿ-երի միության ներկայացուցիչներին, ապա սո՛ւտ է, նման բան չկա: Բայց, երբ նայում ես թվերին, թե ե՞րբ է իջնում ջրի մակարդակը, ապա տեսնում ես, որ հիմնականում էներգետիկ նպատակներով են ջուրը բաց թողնում, չնայած կառավարության որոշման համաձայն՝ միայն ոռոգման նպատակով պետք է Սևանից ջուր բաց թողնել: Ասեմ, որ ջրի ամենացածր մակարդակն ունեցել ենք 2001 թվականին: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ՝ հասկանալի չէ: Ակնհայտ էր, որ էներգետիկ նպատակներով էին բաց թողնում, չնայած ատոմակայանը աշխատում էր: Այս տարի քիչ ունեցանք տեղումներ, դեռևս անցած տարվա հունվարին կառավարությունը հայտարարեց, որ երաշտ է լինելու, դրա համար եկեք 100 մլն խմ բաց թողնենք, մենք շատ զարմացանք, թե ի՞նչ իմացան: Ստիպված մտածում ես, որ էներգիա ստանալու, վաճառելու համար են արվում»:
Ինչ վերաբերում է ֆերմերների դժգոհությանը, որ բնապահպաններն այս հարցում իրենց կողքին չեն, Կարինե Դանիելյանը նշեց, որ զանգեր ստացել են նրանց կողմից, բայց դե այնպես է, որ իրենք միշտ են այս թեմային անդրադառնում: