Քառորդ դար «Թորիկի» պես միայն երազեցինք: Սա չէր անկախ Հայաստանի տեսլականը, որ պիտի կերտեինք: Մուրացիկի պես հայացքներս հառում ենք մեկ հյուսիս, մեկ արևմուտք՝ ազգային արժեքները ստորադասելով եվրոպական քստմնելի բարքերից: Մեր երկրի տնտեսության զարգացման փորձերը վերջին տասնամյակում սահմանափակվում են միայն հյուրանոց, սուպերմարկետ, մոլ և ճանապարհ կառուցելով, այն դեպքում, երբ երկիրն օրեցօր դատարկվում է:
Քանի՞ գյուղում այս տարի Առաջին զանգը չհնչեց: Հյուսիս-հարավ ճանապարհը շռայլություն չէ՞, երբ տնտեսական ցուցանիշը միայն գահավիժում է: Արդյունաբերական մի նոր գործարան վեր չխոյացավ, բայց ամեն ինչ արեցինք եղածներն անգործության մատնելու համար: Հիմա հերթը մշակութային ժառանգությանն է:
Զբոսաշրջության զարգացումը լուրջ խթան կարող է լինել երկրի տնտեսության համար: Դա մեզ հասու չէ, քանի որ մեր երկրում մեկ զանգով ամեն ինչ փոխվում է: Մենք կարող ենք մեկ զանգով Զվարթնոցի տաճարը հազարավոր կիլոմետր անցած ու Հայաստան այցելած զբոսաշրջիկի առաջ փակել, ինչ է, թե ներսում մի մեծահարուստի տղայի կամ դստեր հարսանեկան նկարահանումն է: Նույն կերպ կարող ենք Գառնիի տաճարը փակել ու բացօթյա էլիտար բանկետ արտոնել: Կարող ենք Նորավանքը փակել, ինչ է, թե գեներալի թոռներն են կնքվում:
Գառնիի տաճար ու Գեղարդի վանք մուտքը վճարովի ենք դարձրել, պիկ շաբաթներին էլ վճարն ենք թանկացնում: Մայրաքաղաքում թանգարանի կեսը վարձով ենք տալիս գոծարարին, որ առևտրի սրահ բացի: Դե ե՛կ Վարդապե՛տ, ու մի՛ խենթանա…
Եթե այս միջոցները ծառայեին Հայաստանի սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերը կյանքի կոչելուն, կամ էլ ուղղվեին մեր բանակի տնտեսական կարիքները հոգալուն, որ առաջնագծում կանգնած զինվորին անհրաժեշտ գուլպան ու ներքնաշորը մայրը չուղարկի: Եթե այդ գումարները վիրավոր զինվորների ապաքինման, նրանց ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման համար ծախսվեր, իրավամբ կարելի էր լռել:
Համաշխարհային մշակույթի մաս կազմող հայ հոգևոր ժառանգությունը շահագործվում է պաշտոնական դիրք և նյութական կարողություն ունեցողների կողմից: Ապազգային ու բարոյազուրկ այս ոտնձգություններն անպատժելիության իրավունքով շարունակական բնույթ կկրեն այնքան ժամանակ քանի դեռ հանդուրժում ենք:
Իր մեղսակցությունը «միամիտ» ժպիտով թաքցնելով՝ ՀՀ մշակույթի նախարարը «ճգնում է» զբոսաշրջության զարգազման ծրագիր մշակել, սակայն, անգամ ամառվա կեսին, զբոսաշրջիկի առաջ ժամը 18-ին փակում են տաճարների ու եկեղեցիների դռները:
Ո՞վ է հրամանը տվել, ո՞ւմ մտքի թռիչքն է մայրամուտից առաջ Աստծո տաճարը փակել:
Խոսքը հեռավոր մի գյուղի վանքի մասին չէ, որ մինչ ուշ երեկո բաց լինի, այլ այն կառույցների, որոնք հարյուրամյա ու հազարամյա անցյալի լուռ ներկայությամբ մեզ ու աշխարհին ասելիք ունեն: Եկեղեցին կամ տաճարը գրասենյակ չեն, որ երբ ցանկանան բացեն կամ էլ փակեն:
Պատմամշակութային կոթողների աշխատանքային կանոնակարգը պետք է վերանայել, որոշների նկատմամբ բացառության իրավունք կիրառել, որպեսզի ոչ միայն զբոսաշրջիկի, այլև հավատացյալի համար մուտքը հոգևոր տաճար ժամը 18-ին փակ չլինի:
Հայաստանի սահմաններից դուրս ևս հայ առաքելական բոլոր եկեղեցիները ժամը 18-ին փակվում են, իսկ ուղղափառ ու կաթոլիկ եկեղեցիները մինչ ուշ գիշեր բաց են: Մայրամուտին մեր հոգևոր այրերը Աստծո տաճար մտնելու ցանկություն պիտի ունենան, որ զգան ու հասկանան՝ ինչ է փակ դռան առաջ կանգնելը:
ՀՀ Սփյուռքի նախարարն ցնծում է արտերկրում հայապահպանության ու հայաճանաչման իր ծրագրերով, որոնց նախերգանքն ու ակորդը՝ «Արի տուն»-ն է և ուրիշ ոչինչ: Ահավասիկ, պատմական Թիբիլիսի սրտում, Նարիկալա ամրոցի ստորոտին, վեր է խոյացած 1251թ. կառուցված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին, հարևանությամբ՝ թուրքական հին բաղնիքն է, ուղղակի մայթեզրին խցկված Հ. Ալիևի հրապարակը, քիչ այն կողմ հին Թիֆլիսի քաղաքաշինության «գեղեցկուհիներն են»՝ բաց պատշգամբներով տները, որոնք նոր շունչ են տվել մայրաքաղաքին, որտեղից մինչ ուշ գիշեր զբոսաշրջիկները չեն հեռանում, իսկ հոյակերտ հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին ժամը 18-ին արդեն փակ է…
Այսպես ենք մեզ՝ մեր դարավոր մշակույթն ու հազարամյա պատմությունը աշխարհին ներկայացնում, այսքա՜ն անգրագետ, այսչա՛փ օտարոտի:
Բարձիթողի այս վիճակը ու մեր անսրտացավ մոտեցումը ազգային հարստությունների նկատմամբ կտանեն նրան, որ առաջիկայում հոգևոր տաճարը՝ եկեղեցին, «լավ տղու օբյեկտ» կդառնա, և հեռու չէ այն օրը, երբ մայրուղիների գովազդային վահանակների վրա մեսրոպատառ հայերենով կկարդանք. «Վարձով ենք տալիս ազգային մեր հարստությունները՝ Նորավանքն ու Զվարթնոցը, Գառնին ու Գեղարդը, Խոր Վիրապն ու Մայր Տաճարը…»:
Այսպես չեն հառնում, այսպես մեռնում են դանդաղությամբ….
Ջեմմա Բաղդադյան