ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հայտարարել է բեմադրվող «հարսանիքի» մասին։
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը բեմադրում է Սուխովո Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսը։ «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի հետ զրույցում այդ մասին պատմել է հենց դերասանը։
«Հարսանիքից լավ ի՞նչ կարող է լինել։ Դասականն ամենալավ բանն է, ինչը կարող է լինել։ Ստեղծագործությունը պատմում է խարդախների մասին։ Գիտեք, չէ՞, ինչերի եմ ես բախվել այսօր։ Զարմանքով հայտնաբերում եմ` մեկ ես անտուն եմ, մեկ` ապագա հայր, կինս հղի է… Այդ ամենը սուտ է»,- ասել է Ջիգարխանյանը։
Դերասանի խոսքով` իր կյանքի պատմությունն ամենից լավ պատմել է մեծն Սուխովո Կոբիլինը։ Դերասանը նշել է, որ երիտասարդ ռեժիսորի (ներկայացումը բեմադրում է ռեժիսոր Անդրեյ Կրուպնիկը) ու հասարակ մարդկանց կյանքի մասին պատմող բեմադրության ընտրությունը սխալմունք չի եղել։
«Բայց նա չգիտեր` մեր կյանքում ինչ է տեղի ունենալու։ Ես կյանքի հարուստ փորձ ունեմ։ Մեկ դար ապրես, մեկ դար կսովորես, ու միևնույնն է` հիմար կմեռնես։ Ինձ թվում է` պիեսի ու երիտասարդ ռեժիսորի ընտրության հարցում չեմ սխալվել։ Երիտասարդներին պետք է վստահել, բայց ոչ բոլոր հարցերում»,- ասել է արտիստը։
82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։
Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։
Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։
Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։