Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վերջին օրերի զարգացումներին:
Այս մասին Tert.am-ին ասել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` անդրադառնալով Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Հայ Եկեղեցու դիրքորոշմանը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վերջին օրերի զարգացումներին:
Գիտեք` Հայ Եկեղեցին կարևոր դերակատարություն ունի Ս. Տեղյաց պահպանության գործում: Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն է իրականացնում իր ուխտյալ միաբանությամբ դժվարին այդ առաքելությունը` քրիստոնյաներիս համար սրբազան այդ հողում պաշտպանելով հայոց պատմական ներկայությունը և դարերով ձևավորված կանոնակարգերն ու իր իրավունքները:
ԱՄՆ նախագահի հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ Եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ:
Վստահ ենք, որ միջազգային հանրության կողմից ամեն ջանք կգործադրվի հանուն խաղաղության, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների դարավոր իրավունքների հարգման ու անխաթար պահպանման համար:
Մայր Աթոռը Երուսաղեմի Հայոց պատրիարքության հետ համախորհուրդ անհրաժեշտ քայլերը կձեռնարկի այս ուղղությամբ»,–ասված է Վահրամ քահանա Մելիքյանի պատասխանում:
Ամբողջությամբ՝ tert.am