Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ 5-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար 24-ամյա երիտասարդը դատապարտվեց 3 տարի ժամկետով ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Արմենը (անունը) փոխված է, լինելով 18 տարին լրացած անձ, 20.06.2016թ. ժամը 22:30-ի սահմաններում կատարել է անառակաբարո գործողություններ ակնհայտորեն տասներկու տարեկանը չլրացած անչափահասի աղջնակի նկատմամբ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ լոռեցի երիտասարդը, ով խուլ և համր է ծանոթացել է երևանցի մի տղամարդու հետ և վերջինիցս տեղեկացել է, որ սոցիալական կարիքները հոգալու համար վարձակալական հիմունքներով տրամադրում է իր բնակարանի մի սենյակը:
Փոխադարձ համաձայնության գալով երիտասարդը տեղափոխվում է նրանց տուն վարձակալական հիմունքներով բնակվելու, սակայն երիտասարդը տվյալ ընտանիքի մյուս անդամների հետ կիսելու էր ընդհանուր նշանակության մյուս սենյակներից՝ խոհանոցը և սանհանգույցը։
Այդ ընտանիքում մանկահասակ 2 երեխա է եղել, նրանցից տղան՝ 2007թ ծնված, իսկ աղջիկը՝ 2011թ ծնված:
Խուլ և համր երիտասարդն այսպես բնակվել է նրանց տան մի սենյակում:
Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունել պնդելով, որ երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություն չի կատարել և չի հասկանում, թե երեխան ինչու է նման բան ասում։
Բացի այդ նաև ասել է, որ ինքը չէր կարող նման արարք կատարել այդ ընտանիքի նկատմամբ։ Այդ օրը խմած է եղել ու չի հիշում, որ նման բան է արել, իսկ եթե արել է ներողություն է խնդրում։
Դատարանը գտել է, որ ամբաստանյալի պատճառաբանություններն անհիմն են, մտացածին և նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից և որ նրան մեղսագրվող արարքը հիմնավորվում է քրեական գործով ձեռք բերված ապացույցներով:
Տուժող երեխան ցուցմունք տալով հայտնել է, որ երբ քիթը մաքրելու համար մտել է իրենց տան զուգարանը, այդ ժամանակ երիտասարդը հետևից մտել է զուգարան, որտեղ իրեն բարձրացրել է զուգարանի վրա, հանել շորերը, ապա կատարել անառակաբարո գործողություններ։ Ինքը գոռացել է ու եղբորն է օգնություն կանչել, սակայն եղբայրը չի լսել, իսկ գոռալու պահին երիտասարդը փակել է նրա բերանը:
Քիչ հետո, հայրը և մայրը սկսել են զուգարանի դուռը թակել, լույսը միացնել անջատել, ինչից հետո երիտասարդը հագցրել է իր շորերը և ինքը նույնպես հագնվել է: Այդ ամենից հետո սկսել է լվացացնել իրեն և նոր միայն բացել է զուգարանի դուռը։
Իսկ երբ զուգարանից դուրս է եկել եղբորը և ծնողներին պատմել է այդ ամենի մասին:
Երիտասարդն էլ այդ ամենը բացատրել է նրանով, որ երեխայի քթից արյուն է եկել ինքը նրան ընդամենը լվացացրել է: Սակայն երեխան պնդել է, որ իր քթից արյուն չի հոսել:
Երեխայի մայրը հայտնել է, որ անձամբ ստուգել է ինչպես աղջկա քիթը, այնպես էլ լվացարանը, որտեղ արյան հետք չի նկատել, սակայն լվացարանի մեջ նկատել է «մարգանցովկա» դեղանյութի հետքեր։
Դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդը հոգեկան հիվանդությամբ կամ հոգեկան գործունեության խանգարմամբ չի տառապում և երբևէ չի տառապել, այդ թվում իրեն մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում, այլ հանդիսանում է հոգեպես առողջ, պրիմիտիվ անձ, իրեն մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում ունակ է եղել և ներկայումս նույնպես ունակ է հաշիվ տալու իրեն իր գործողությունների համար և ղեկավարելու դրանք, ուստիև՝ ճանաչվել է մեղսունակ։
Ինչ վերաբերում է հոգեբանական մասին, ապա հետազոտվող իրավիճակում երիտասարդը ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել, սակայն նրա սթափության վիճակի զննությունը կատարվել է դեպքի հաջորդ օրը, ուստի գործածած ալկոհոլի հստակ չափաբաժնի վերաբերյալ տեղեկությունների բացակայության պայմաններում նրա հուզական վիճակը, վարքի և հոգեկան գործունեության վրա դրա ազդեցության չափը հնարավոր չէ ախտորոշել գիտականորեն հիմնավորված մեթոդիկայի բացակայության պատճառով։
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանք է համարել այն, որ վերջինս երիտասարդ է, բնութագրվում է դրականորեն, ինչպես ինքը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները հաշմանդամ են, հանդիսանում է ընտանիքի միակ կերակրող ձեռքը։